iPad-ը փողոցներից և ընդհանուր համացանցից հեռացնում է պարբերականները

20:03 • 26.11.11

Ավստրալացի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը և բրիտանացի միլիարդատեր Virgin Group խմբի սեփականատեր Ռիչարդ Բրենսոնը նոր պարբերականներ կստեղծեն միայն iPad-ների համար:

Ինչպես հաղորդում է MIGnews-ը` հղում կատարելով The Financial Times պարբերականին, նոյեմբերի 30-ին Նյու Յորքում Բրենսոնը կանցկացնի Project կոչվող ամսագրի շնորհանդեսը: Նոր պարբերականի հիմնական թեմաները կլինեն ժամանցը և շոու-բիզնեսը, միջազգային մշակույթը, բիզնեսն ու ճանապարհորդությունը:
Ամսագրի գլխավոր մենեջերը սեփականատիրոջ 29-ամյա դուստր Հոլլի Բրենսոնն է, իսկ գլխավոր խմբագիրը FHM պատկերազարդ ամսագրի նախկին խմբագիր ` Էնթոնի Նոգերրանն է:

Դեկտեմբերի սկզբին News Corp. ընկերությունը կներկայացնի Daily ինտերնետային օրաթերթը, որը գալիք տարվա սկզբին հասանելի կլինի միայն ԱՄՆ-ի iPad օգտագործողներին: Թերթի բաժանորդագրությունը կկազմի շաբաթական 99 ցենտ: Այս նախագծի համար Մերդոկի ընկերությունը 30 մլն դոլար է ներդրել: Ընկերությունում աշխատելու համար արդեն մոտ 100 լրագրող է դիմել:

Երկու պարբերականներն էլ հնարավոր կլինի ընթերցել միայն iPad-ների միջոցով: Դրանք «թղթային» տարբերակով չեն հրատարակվի, ինչպես նաև հասանելի չեն լինի համացանցում սովորական դիտարկիչների միջոցով: :
 

iPad-ը փողոցներից և ընդհանուր համացանցից հեռացնում է պարբերականները