«Հետաքրքրասիրություն»-ը Երկրի հետ կապ է հաստատել

21:00 • 26.11.11

Curiosity (թարգմանաբար «Հետաքրքրասիրություն») մարսագնացը, որի մեկնարկը` ԱՄՆ Կանավերալ տիեզերակայանից տրվեց այսօր (Երևանի ժամանակով ժամը 19.02-ին), կապ է հաստատել ավստրալական Կանաբերի հեռավոր կապի կայանի հետ: Curiosity մարսագնացի բոլոր սարքավորումները և համակարգերն աշխատում են նորմալ ռեժիմով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով ամերիկյան տիեզերական գործակալության տարածած հաղորդագրությանը:

Curiosity մարսագնացը պետք է վայրեջք կատարի Գեյլի խառնարանում, որտեղ նստվածքային ապարներում առկա ծծումբը և կավը գիտնականներին տեղիք են տալիս կարծելու, որ այդտեղ ջուր է եղել: Խառնարանի աշխարհագրական դիրքը ևս մեծացնում է ջրի հետքերի հայտնաբերման հնարավորությունը:

Սակայն մարսագնացը միայն ջուր փնտրելու մինչ այժմ եղած հետազոտությունների ռազմավարությունից մի փոքր կհեռանա: Բացի ջրից Curiosity-ի սարքավորումները հնարավորություն են տալիս նաև «կյանքի շինանյութ» հանդիսացող օրգանական նյութեր հայտնաբերել:

«Հետաքրքրասեր» մարսագնացը Մարս մոլորակ կհասնի 2012 թվականի օգօստոսին: Առաքելության ընդհանուր արժեքը գնահատվում է 2.5 միլիարդ դոլար:
 

«Հետաքրքրասիրություն»-ը Երկրի հետ կապ է հաստատել