Չինացին «համարյա» iPad է պատրաստել, ծախսելով 125 դոլար
Չինացի ուսանող Վեյ Սինլունը, փող չունենալով իր ընկերուհու ծննդյան տարեդարձին Apple iPad նվիրելու համար, պատրաստել է ինքնաշեն պլանշետային համակարգիչ, որն ավելի էժան է, քան iPad-ը և նույնիսկ 200 դոլար արժողությամբ «ամենաէժան» Kindle Fire-ը:
Ինչպես գրում է China Daily-ն, պլանշետի պատրաստման համար Վեյին անհրաժեշտ է եղել ընդամենը 125 դոլար և 10 օր: Դրա համար նա օնլայն-խանութից պատվիրել է օգտագործված նոութբուք 78 դոլարով, որից հանել է անհրաժեշտ պրոցեսորը, և այլ մասեր, իսկ կուտակիչն ու սենսորային էկրանն արժեցել են մոտ 50 դոլար:
«Պլանշետով կարելի է կարդալ, ֆայլեր բեռնել, ֆիլմեր դիտել ու խաղալ», - կիսվել է Չանչունի Հյուսիս-արևելյան մանկավարժական համալսարանի ուսանող Վեյը: Սարքն աշխատում է Microsoft Windows 7 համակարգով, որի արժեքն է մոտ 100 դոլար, սակայն պլանշետի գնի մեջ այն ներառված չէ: Ամենայն հավանականությամբ ՕՀ-ի լիցենզիան եկել է նոութբուքի հետ, կամ տեղադրվել է ոչ օրինական ՕՀ: Վեյի ընկերուհին պլանշետը զարդարել է քարերով ու iPad-ի լոգոյով, և համարում է այն իր ստացած լավագույն նվերը:










