Բրիտանական հնագույն թերթերը ինտերնետում հասանելի են
Մեծ Բրիտանիայի ազգային գրադարանը (British Library) համացանցում տեղադրել է 18-19-րդ դարերի թերթերի արխիվը` 4 մլն էջ: Ինչպես հաղորդում է բրիտանական «Բի–Բի–Սի» հեռուստառադիոկորպորացիան, այսուհետ բոլոր ցանկացողները կարող են կարդալ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի մոտ 200 հնագույն թերթեր, որոնց էջերին տեղեկություններ կան նաև Վիկտորյա թագուհու և Ալբերտ արքայազնի ամուսնության վերաբերյալ, որը տեղի է ունեցել 1840 թվականի փետրվարին:
Գրադարանում ներկայացված թերթերը բոլորը կարող են տեսնել, սակայն էջերը կարդալու համար այցելուները պետք է վճարեն: Ներկայացված թերթերի շարքում են Aberdeen Journal-ը, Belfast Newsletter-ը, Western Mail-ը, Manchester Evening News-ը և այլն:
Գրադարանի մասնագետների խումբն օրական սքանավորել է 8 հազար էջ: Առաջիկա տասը տարիների ընթացքում, «Բի–Բի–Սի»-ի համաձայն, դրանց թիվը կհասնի մինչև 40 մլն-ի:










