Ստեղծվել է Հայկական վիրտուալ գիտական գրադարան
Հայ գիտնականներն այսուհետ համաշխարհային առցանց ամսագրերից շտեմարաններից օգտվելու հնարավորություն ունեն: Այսօր Երևանում տեղի է ունեցել «Հայկական վիրտուալ գիտական գրադարան» ծրագրի շնորհանդեսը:
Գրադարանում բաց մատչելիության սկզբունքով հրատարակված ավելի քան 3 միլիոն հոդված, ՄԱԿ-ի Research4Life ծրագրի ավելի քան 8 հազար ամսագիր:
Ինչպես իր խոսքում նշել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, «Հայկական վիրտուալ գիտական գրադարանի» ստեղծումը կարևոր նախաձեռնություն է, քանի որ հայ գիտնականները այսօր ի վիճակի չեն բաժանորդագրվելու գիտական ամսագրերի:
«Հայկական վիրտուալ գիտական գրադարանի միջոցով այս խնդիրը լուծվում է: Մյուս կողմից էլ այս ռեսուրսը նպաստում է էլեկտրոնային ամսագրերի զարգացմանը, որոնք, ի տարբերություն թղթայինի, հասանելի են ու ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում»,- ասել է ՀՀ ԳԱԱ նախագահը:
ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն էլ տեղեկացրել է, որ մինչեւ 2015թ. համաշխարհային գիտական գրականության 70-80%-ը հասանելի կլինի հայ գիտնականներին: Նրա խոսքով, այս ուղղությամբ տարվում են աշխատանքներ, ու արդեն կան համապատասխան պայմանավորվածություններ:
«Մեդիամաքս»-ը գրում է, որ «Հայկական վիրտուալ գիտական գրադարանը» թույլ կտա նաև օտարերկրյա գիտնականներին ներկայացնել հայկական գիտական ամսագրերը և հայ գիտնականների ձեռքբերումները»,- նշել է Սամվել Հարությունյանը:
Շնորհանդեսին ներկա Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ Հայաստանը միշտ էլ առաջամարտիկ է եղել գիտության ասպարեզում:
«Մենք վերջերս Հայաստանի հետ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագիր ենք կնքել, որը նախատեսում է զարգացնել համագործակցությունը ՀՀ ԳԱԱ եւ ԿԳՆ հետ»,- տեղեկացրել է դեսպանը:










