iPhone-ից կհանվի մարդկանց «հետևող» Carrier IQ ծրագիրը

15:40 • 02.12.11

Apple ընկերությունը հրաժարվում է iPhone սմարթֆոններում Carrier IQ ծրագրերի օգտագործումից: Ինչպես հայտնում է All Things Digital բլոգը, նոյեմբերի 28-ին ամերիկացի ծրագրավորող Թրևոր Էքհարթը YouTube-ում տեսագրություն էր տեղադրել, որտեղ պատմում էր, որ Carrier IQ –ն «ներխուժում» է սմարթֆոնի հիշողության մեջ և հավաքում սարքի մասին տարբեր տեսակի տեղեկատվություն` սարքի ներկայիս գտնվելու վայրից մինչև օգտագործողի կողմից սեղմված կոճակները:

Նախապես հաղորդվում էր, որ Carrier IQ-ն օգտագործում են միայն Nokia, BlackBerry սմարթֆոններն ու Android-ի որոշ սարքեր, սակայն հետագայում պարզվեց, որ այն օգտագործում է նաև iPhone-ը:

All Things Digital-ի մեկնաբանությանն ի պատասխան` Apple-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը սմարթֆոնների նոր արտադրությունից ամբողջությամբ կհանի ծրագիրը: Ըստ նրա՝ iOS 5 օպերացիոն համակարգով աշխատող սարքերի մեծ մասն առանց այն էլ չի կիրառում Carrier IQ։ Վերը նշված ծրագիրը մշակող Carrier IQ ընկերությունում հաստատել են, որ իրենց ծրագիրը հավաքում է սմարթֆոնի վերաբերյալ տեղեկատվություն, բայց պնդում են, որ ֆիքսվում են սարքերի միայն շահագործմանը վերաբերող բնութագրերը։ Դրանք ուղարկվում են արտադրողին ու բջջային օպերատորին։ Երրորդ անձինք դա ստանալ չեն կարող։

Աշխարհագրական կոորդինատներն ու կոճակների սեղմումը Carrier IQ–ն չի գրառում՝ ասվում է ընկերության կայքում տեղադրված հայտարարությունում։

iPhone-ից կհանվի մարդկանց «հետևող» Carrier IQ ծրագիրը