Վարորդական տեսական քննության հարցաշարում շատ են անիմաստ հարցերը, գործնական քննության մեջ մեծ է կոռուպցիոն ռիսկը

00:00 • 05.12.11

2008թ կառավարության հաստատած կարգի համաձայն՝ վարորդական վկայական ստանալու համար հարկ է հանձնել տեսական և գործնական քննություններ. տեսականն ընդունում է համակարգիչը, գործնականը՝ տեսուչը։ Սակայն շատերը դժգոհ են տեսական հարցաշարում «անիմաստ և վարորդական քննության համար տարօրինակ» հարցերից, շատերը՝ տեսուչների սուբյեկտիվ վերաբերմունքից, տեսուչները՝ անգրագետ «տեսաբաններից»։ Խնդրին անդրադարձել է «Արմենիա» հեռուստատեսության «Կիրակնօրյա ժամը» լրատվականը։

Հարցաշարում առկա են հարցեր, օրինակ, այնպիսի լուսակիրների մասին, որպիսիք Հայաստանում չկան։ Այստեղ առկա բազմաթիվ բժշկական հարցերին անդրադառնալով՝ «Աքիլլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննսյանը ևս նշել է, որ, իհարկե, հնարավոր է «հարցերը զուբրիտ անել», բայց գործնական պարապմունքներ չանցնելու պատճառով այդ հարցերն ու իրենց պատասխանները մոռացվելու են անմիջապես քննություն հանձնելուց հետո։ «Բացի դա, եթե մարդը տեսնի էդ ամեն ինչը [որովայնախոռոչը] բաց ու աղիքները թափած, կարող ա, չի կարող ինքը մոտենա, կարող ա մոտենա, իրա ուշքը գնա»,- նշել է նա։

Ավտոդպրոց հաճախելն այլևս պարտադիր չէ, բավական է գործնական քննության ժամանակ ապացուցել հմտությունը, սակայն գնահատականը նշանակվում է բացառապես տեսուչի դիտարկումներով։ Ըստ Էդուարդ Հովհաննիսյանի՝ այստեղ բավական մեծ է կոռուպցիոն ռիսկը։ 

40-ամյա ավտոուսուցման փորձ ունեցող Արտավազդ Ասատրյանը վստահ է, որ գործնական գիտելիքների պակաս կա, իսկ տեսականն այնքան վատ է կազմված, որ «մինչև հասնում ես հարցի վերջը, սկիզբը մոռանում ես»։ Ըստ նոր կարգի՝ քննությունը կարելի է հանձնել անձնական մեքենա կամ ցանկացած մեքենա վարելով՝ Ասատրյանի կարծիքով՝ նախընտրած մեքենան որոշ տարածությունը վարողն, այնուամենայնիվ, չի կարող համարվել «B» կամ «C» կարգի վարորդ։  
 

Վարորդական տեսական քննության հարցաշարում շատ են անիմաստ հարցերը, գործնական քննության մեջ մեծ է կոռուպցիոն ռիսկը