23 տարի անց Գյումրու բնակչության 15–18 տոկոսը դեռ ապրում է տնակներում. Վահան Թումասյան

18:22 • 07.12.11

1988-ի ավերիչ երկրաշարժից հետո արդեն 23 տարի է անցել: Գյումրիում երկրաշարժի արդյունքում անօթևան մնացած մարդկանցից դեռ 6500-6700-ը շարունակում է այդ կարգավիճակում մնալ, որոնցից միայն 3500-ն է գրանցված տուն ստանալու հերթացուցակներում: Իսկ հաջորդ տարի տեղափոխված քաղաքաշինական ծրագրով` կառուցվելու է միայն 1756 կացարան: Այս մասին Тert.am-ի հետ զրույցում ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:

«Օգնությունը ոչ համարժեք է եղել, հաճախ տրվել է սխալ հասցեատերերի: Պետական աջակցությունը տրվում է միայն անհրաժեշտ միջոցների 30%-ի չափով: Եթե միջոցները նպատակային օգտագործվեին, ապա անօթևան մարդիկ չէինք ունենա հիմա»,- անցած տարներին աղետի գոտում կատարված վերականգնողական աշխատանքների մասին ասաց ՀԿ–ի նախագահը՝ ավելացնելով, որ այժմ Գյումրու բնակչության մոտ 15-18%-ը ապրում է տնակներում:

«Քաղաքի կենտոնական հատվածներից վերացրեցին տնակները` փորձելով այդպիսով կոծկել անօթևանների խնդիրը և քաղաք եկող հյուրերի աչքից հեռու պահել անբարվոք վիճակում գտնվող տնակները: Ախր, խնդիրները կոծկելով դրանց լուծում չի տրվում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Վահան Թումասյանը նշեց, որ անօթևան մնացած մարդկանց հերթացուցակներում նոր գրանցումներ արգելված է անել 2008թ. նոյեմբերից ի վեր։ Այսպիսով, ավելի քան 300 անօթևան ընտանիք չի գրանցվել և հույս էլ չունի, որ երբևէ, թեկուզ տարիներ հետո, կստանա բնակարան: «Մենք առաջարկում ենք անօթևանների գրանցումը շարունակել: Բնակարաններ տալ նախ նրանց, ովքեր փաստացի ապրում են Գյումրիում, այլ ոչ թե նրանց, ովքեր ցուցակում ավելի առաջ են, սակայն բնակվում են արտերկրում: Երկրորդ` առաջարկում ենք, որպեսզի տնակների հողատարածքները հանձնվեն այդտեղ ապրող մարդկանց, ովքեր, չունեն ոչ վառելափայտ, ոչ գազամատակարարում, և ավելին՝ վախենում են, որ իրենց ամեն օր կարող են դուրս հանել և հողատարածքը վաճառքի հանել»,- ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ–ի նախագահը:

Վահան Թումասյանի կարծիքով՝ ողբերգությունից 23 տարի անց «աղետի գոտի» եզրույթը շարունակվում է կիրառելի լինել Գյումրին բնութագրելու համար ոչ միայն քաղաքաշինական, տնտեսական առումներով, այլև մարդկանց հոգեբանության մասին խոսելիս։ Նրա խոսքով, եթե երկրաշարժը հաջորդած առաջին մի քանի տարիներին մարդիկ հույս ունեին, որ իրենց խնդիրները կլուծվեն, ապա այժմ այդ հույսը չունեն, և միակ փրկությունը տեսնում են արտագաղթի մեջ: 

23 տարի անց Գյումրու բնակչության 15–18 տոկոսը դեռ ապրում է տնակներում. Վահան Թումասյան