«Քվանտ» վարժարանում բացվեց հետազոտական կենտրոն

15:23 • 10.12.11

Այսօ ր «Քվանտ» վարժարանում հետազոտական կենտրոն է բացվել: Կենտրոնի հիմնանորոգմանը, ինչպես նաև հետազոտական լաբորատոր սարքավորումների և մասնագիտական գրականության ձեռք բերմանը, զգալիորեն աջակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

«Բարեփոխումները պետք է սկսել դպրոցից, և այդ նկատառումից ելնելով մենք ԿԳՆ ու կառավարության հետ համատեղ հիսուն միլիոն դրամ ենք ուղղորդել «Քվանտ» վարժարանին` կյանքի կոչելով կարևոր այս նախագիծ »,- ասաց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:

«Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանի խոսքով` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է երեք բացառիկ ծրագիր։ Դրանցից մեկը Հայաստանի և սփյուռքի դպրոցներում «Լոգո միկրոաշխարհներ» առաջին հայալեզու համակարգչային ուսուցողական միջավայրը կյանքի կոչելն էր, որի ներդրումը կավարտվի մինչև 2014 թվականը: Այս ծրագրով տեղայնացվել և հայերեն թարգմանվել է ծրագրային միջավայրը: Ռոբերտ Վարդանյանը նշեց, որ ծրագիրը փորձարկվել է Հայաստանի հինգ դպրոցներում, Ապարանում ուսուցիչներն աշակերտների օգնությամբ կյանքի են կոչել ֆիզիկայի ուսուցման ծրագիր, իսկ Հրազդանում հաջողությամբ կյանքի է կոչվել երկրաչափության համակարգչային հայալեզու ծրագիր:

Վարժարանը ավարտին է հասցրել նաև «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարի երկրորդ մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները: Արդեն 2012թ. այն կօգտագործվի աշակերտների ռազմամարզական հավաքների համար:

«Ռազմագիտության դասերը ռազմամարզական ճամբարում անցկացնելը հետագայում էապես կազդի բանակում բարոյա-հոգեբանական մթնոլորտի բարելավմանը, քանի որ երեխաները երկու ամիս լինելով այդ ճամբարում և բարենպաստ առողջ միջավայրում ծանոթանալով բանակի կյանքին, նրանք հետագայում առավել հեշտությամբ կհարմարվեն բանակի կյանքին»,- կարծիք հայտնեց վարժարանի տնօրենը:

«Քվանտ» վարժարանում բացվեց հետազոտական կենտրոն