Google Maps-ի միջոցով գաղտնի ամերիկյան ռազմաբազա է հայտնաբերվել
Ամերիկյան լրատվամիջոցները Google Maps ծառայության արբանյակային լուսանկարում հայտնաբերել են Նեվադա նահանագում գտնվող օբյեկտ, որը ենթադրաբար գաղտնի Yukka Lake ռազմաբազան է: Fox News հեռուստաընկերության տեղեկություններով այդ բազան մասնագիտացած է անօդաչու թռչող սարքերի փորձարկումների վրա:
Պաշտոնաթող գնդապետ Սեդրիկ Լեյթոնը հայտարարել է, որ նման լուսանկարները առավել շատ կհետաքրքրեն իրանցիներին, քանի որ հնարավորություն կստեղծվի պարզել, թե ինչպես են ամերիկացիներն իրականացնում իրենց հետախուզական թռիչքները: Նա գտնում է, որ լուսանկարներում պատկերված են Reaper և Predator անօդաչու սարքերը, սակայն այնտեղ փորձարկվում է նաև RQ-170 նորագույն սարքը, որն անցած շաբաթ ընկել էր Իրանում:
«Google-ը հասանելի է դարձնում այն, ինչն նախկինում հասանելի էր միայն զինվորականներին ու հատուկ ծառայություններին, դրանով «նոր հրաշալի աշխարհ» բացելոբ հետախուզական ծառայությունների համար», - ասել է գնդապետը:
Նա գտնում է, որ Google-ն իրավունք ունի նման լուսանկարներ տեղադրել, սակայն պետք է զերծ մնա ռազմական գաղտնիքները բացահայտող գործողություններից:
Ընկերությունում հրաժարվել են մեկնաբանություններ տալ այս առընչությամբ:










