Չինացիները արհեստական անձրևներ կստեղծեն
China Daily թերթը գրում է, որ երկրի իշխանությունները մթնոլորտային տեղումների ավելացման ծրագիր են մշակել, որն իրականացվելու է առաջիկա 4 տարվա ընթացքում: Ծրագրի նպատակը հատկապես անձրևների ավելացումն է գյուղատնտեսության աջակցման նպատակով: 4 տարածաշրջանային ծրագրերի իրականացման արդյունքում 2015-ին տեղումների ծավալն ավելանալու է 10%-ով:
Ծրագրերն իրականացվելու են հավելյալ ոռոգման կարիք ունեցող շրջաններում: Հատուկ օդանավերն ու հրթիռները ամպերում յոդավորված արծաթի «ներարկումներ» են անելու: Այդ միացությունը նվազեցնում է ամպերի ջերմաստիճանը, իսկ արժաթի մասնիկների շուրջ ձևավորվում են անձրևի կաթիլներ:
Ուշագրավ է, որ այս մեթոդը ոչ միշտ է արդյունավետ լինում, սակայն չնայած դրան, հաշվարկվել է, որ տարեկան 230 միլիարդ խորանարդ մետր տեղումներ կձևավորվեն:
Ծրագրերն իրականացվում են Չինաստանի աճող բնակչությանը պարենով ապահովելու համար: Այս տարի երկրում հավաքվել է ռեկորդային 571 միլիոն տոննա հացահատիկ, սակայն հաջորդ տարի այդ ցուցանիշի կրկնությունը գրեթե անհնար կլինի, առանց այս ծրագրերի իրականացման:










