Facebook–ը ճանաչվել է IT–ի ոլորտի լավագույն գործատու

13:55 • 15.12.11

Facebook սոցիալական ցանցը շարունակում է մնալ աշխարհի «ամենահրապուրիչ» տեխնոլոգիական ընկերությունը։ Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները, անգլալեզու Glassdoor կայքի կողմից կազմված լավագույն գործատուների վարկանշային աղյուսակում (50 գործատու է ընդգրկված, այդ թվում՝ 13 տեխնոլոգիական և ինտերնետ ընկերություններ) Facebook–ը երրորդ տեղն է զբաղեցրել (հնարավոր 5–ից 4,3 բալ է հավաքել, իսկ սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հանդեպ վստահությունը 89%– է գնահատվել)՝ առաջ անցնելով ամերիկյան Google որոնողական հսկայից և էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող Apple կորպորացիայից։

Facebook–ն անցած տարի Glassdoor–ի վարկանշային աղյուսակում առաջին հորիզոնականն է զբաղեցրել, այս տարի, սակայն, սոցցանցից առաջ են անցել խորհրդատվական Bain & Company և McKinsey & Company ընկերությունները։ Չորրորդ հորիզոնականը տեխնոլոգիական մշակումներով զբաղվող MITRE ոչ առևտրային ընկերությունն է զբաղեցրել։

5–րդում Google–ն է (3,7 բալ, իսկ ընկերության ղեկավար Լարի Փեյջի հանդեպ վստահությունը՝ 92 տոկոս), իսկ  Apple–ը հայտնվել է 10–րդ հորիզոնականում։

Վարկանշային աղյուսակը կազմելիս Glassdoor–ի մասնագետները հարցումներ են անցկացրել վերոնշյալ ընկերությունների աշխատակիցների շրջանում՝ պարզելու համար, թե արդյոք նրանք գոհ են ընկերության կառավարման համակարգից, աշխատողների հանդեպ արդար վերաբերմունքից, աշխատավարձից, աշխատանքի այլ պայմաններից, ինչպես նաև այն, թե տվյալ ընկերությունում կան արդյոք կարիերայի աճի հեռանակարներ։

 

Facebook–ը ճանաչվել է IT–ի ոլորտի լավագույն գործատու