ՊՆ-ն, հնարավոր է՝ համագործակցի ռոբոտների երիտասարդ հեղինակների հետ

22:26 • 17.12.11

Իրենց պատրաստած ռոբոտներով այսօր եզրափակիչ փուլում մրցել է ռոբոտների երիտասարդ հեղինակների հինգ թիմ։ Նրանց հանձնարարված էր իրենց ստեղծած սարքավորումների միջոցով գտնել տեղադրված ականները, էլեկտրոնային քարտեզի միջոցով նշել դրանց վայրը։ Այս փուլին հետևել են նաև զինվորականները, որ չեն բացառել երիտասարդ ծրագրավորողների հետ համագործակցության հնարավորությունը։ Այս մասին հաղորդեց «Շանթ» հեռուստատեսության «Հորիզոն» լրատվականը։

Ըստ ՊՆ ինժեներական զորքերի վարչության պետի տեղակալ Հակոբ Հարությունյանի՝ ներկայացված մոդելները կարող են արդյունավետ աշխատել նախ և առաջ քաղաքային պայմաններում՝ ահաբեկչության ահազանգերի դեպքերում, շենքերում տեղադրված պայթյունավտանգ օբյեկտների որոնման և վնասազերծման համար. նա կարևորել է նման սարքավորումներ կիրառելու միջոցով մարդկային զոհերից խուսափելու հնարավորությունը։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ կից ներկայացված են թե գործարկման մեխանիզմները, թե ծրագրային, թե մեխանիկական լուծումները, սակայն իրականում գործարկելու համար հարկ է տալ «լրիվ ուրիշ լուծումներ», որոնք բնականաբար կլինեն ավելի թանկ։

Հիշեցնենք, որ ական փնտրող ռոբոտների մրցույթներ Հայաստանում անցկացվում են 2008թ-ից։
 

ՊՆ-ն, հնարավոր է՝ համագործակցի ռոբոտների երիտասարդ հեղինակների հետ