Աշխարհի խոշորագույն ինտերնետ-ռեգիստրատորը դեմ է համացանցում հեղինակային իրավունքին

19:45 • 24.12.11

GoDaddy-ը` աշխարհի խոշորագույն դոմեն անունների գրանցողը, մտափոխվել է և չի պաշտպանի SOPA-ի (Stop Online Piracy Act) հեղինակային իրավունքի խախտման դեմ օրենքը, որն այժմ քննարկվում է ԱՄՆ-ի Կոնգրեսում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով ընկերության տարածած մամլո հաղորդագրությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ համացանցում հեղինակային իրավունքի խախտման դեմ օրենքը շատ կարևոր է, սակայն այդ հարցով ցանկացած որոշում կարող է ընդունվել միայն բազմակողմանի և համապարփակ քննարկումներից հետո` այդ թվում և ինտերնետ օգտատերերի շրջանում անցկացված: Ընկերությունը նշել է, որ կպաշտպանի այդ օրենքը միայն այն դեպքում, երբ դրա ընդունմանը կողմ լինի ինտերնետ համայնքը:

Հեղինակային իրավունքի խախտման դեմ օրենքին չաջակցելու որոշումը GoDaddy-ն ընդունել է այն բանից հետո, երբ համացանցում ընկերության ծառայություններից հրաժարվելու կոչեր տարածվեցին, քանի որ GoDaddy-ը հայտարարել էր, որ պաշտպանում է SOPA-ն և մասնակցում է օրենսդրության ստեղծմանը:

Դրանից դժգոհ օգտատերերը հատուկ կայք ստեղծեցին և դեկտեմբերի 29-ը վերջնաժամկետ նշանակեցին, որից հետո զանգվածաբար պետք է անցնեին այն գրանցողների տիրույթ, որոնք չեն աջակցում և ընդունում Stop Online Piracy Act-ը: Իսկ նման ընկերություններն իրենց հերթին GoDaddy-ից հրաժարվածներին խոստացան զեղչեր տրամադրել:

Խոշոր ընկերությունները տարբեր կերպ են վերաբերվում վերոհիշյալ օրենսդրական ակտին: Universal-ը, Disney-ը, Warner-ը և այլ մտավոր սեփականության իրավունքների իրավատերեր SOPA-ին կողմ են արտահայտվել, սակայն Google-ը, Facebook-ը, Twitter-ը, «Վիքիփեդիան» և մի շարք այլ համացանցային հսկաներ դեմ են նման օրենսդրության ընդունմանը:

 

Աշխարհի խոշորագույն ինտերնետ-ռեգիստրատորը դեմ է համացանցում հեղինակային իրավունքին