Երաժշտությունը քաղցրացնում է ալկոհոլը
Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ բարձր երաժշտությունն ազդում է ալկոհոլի վրա`այն դարձնելով ավելի քաղցր և թույլ չտալով մարդուն հասկանալ`իրականում քանի չափաբաժին է նա խմել:
Ալկոհոլի վրա երաժշտության ազդեցության հետազոտությունը կատարել է Անգլիայի Պորթսմութ համալսարանի բժիշկ Լորենցո Ստեֆորդը:
«Մարդիկ քաղցրի նկատմամբ մեծ սեր ունեն և այս հետազոտությունը թույլ կտա բացատրել`ինչու աղմկոտ միջավայրում մենք ավելի շատ ենք ալկոհոլ օգտագործում»,-ասել է գիտնականը:
Ստեֆորդի հետազոտությանը մասնակցել է 18-28 տարեկան 80 մարդ`69 կին և 11 տղամարդ: Նրանք բոլորն էլ պարբերաբար ալկոհոլ են օգտագործել:
Կամավորները պետք է գնահատեին մի շարք խմիչքներ`ըստ ալկոհոլի չափաբաժնի, քաղցրության կամ էլ դառնության: Բացի դրանից, նրանց շեղում էին 4 տարբեր գործոններ, այդ թվում`բարձր ակումբային երաժշտությունը:
Պարզվում է, բարձր երաժշտություն լսողների համար խմիչքներն իրականից շատ ավելի քաղցր են թվացել:
Գիտնականները բացահայտել են, որ, ի տարբերություն մյուս բոլոր գործոնների, երաժշտությունը համի զգացողության վրա շատ ավելի մեծ ազդեցություն ունի. մարդիկ իրենց ուշադրությունը կենտրոնացնում են երաժշտության վրա և այդ պահին ենթագիտակցորեն խմիչքը նրանց համար քաղցր է թվում:
«Չնայած մարդիկ հասկանում են, որ ակումբներում նրանք ավելի շատ են խմում ալկոհոլ, բայց կարևոր է իմանալ, թե ինչպես է միջավայրը ազդում ալկոհոլի չարաշահման վրա»,-ավելացրել է բժիշկը:










