Երկվորյակները ծնվել են նույն օրը 2 տարի տարբերությամբ

23:47 • 27.12.11

Երկվորյակները, որոնք հղացել էին արհեստական (արտակորպորալ) բեղմնավորման միջոցով` ծնվել են նույն օրը, սակայն երկու տարի տարբերությամբ: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:

Բրիտանացի անպտուղ զույգը մի քանի տարի առաջ դիմել է արհեստական բեղմնավորման մեթոդին: Ստացված էմբրիոններից մեկը մոր արգանդի մեջ էր տեղադրվել 2007 թվականին, իսկ մնացածը` սառեցվել էին:
Առաջին երեխան` Լեկսի անունով աղջիկը, ծնվել է 2007-ի դեկտեմբերի 27-ին:

2009 թվականին Լեքսիի ծնողները`շոտլանդական Դոլգլեշ ազգանունով զույգը, դարձյալ որոշեց երեխա ունենալ: Նրանք ցանկացան արդեն իսկ գոյություն ունեցող սառեցված էմբրիոններից ևս մեկին կյանք տալ:

Արդյունքում ծնվեց Ռուարդ անունով տղան: Նրա ծննդյան օրը նույնպես դեկտեմբերի 27-ը եղավ:
Երկու երեխան էլ վաղաժամ ծնունդներ են: Երբ տիկին Դոլգլեշը հղի էր Լեքսիով, 27-րդ շաբաթին նրա ջրերը անսպասելի գնացին, չնայած հղիությունը նորմալ էր ընթանում:

Երկու տարի անց տղան նույնպես ժամկետից շուտ ծնվեց: Այս անգամ նույնպես տիկին Դոլգլեշի ջրերը անսպասելի գնացին: Դա այն պահին էր, երբ ընտանիքը նշում էր աղջկա 2-րդ տարեդարձը:

Արհեստական հղիության պրոցեդուրաներ իրականացնող CARE Fertility ընկերության մասնագետ Ֆիլիպ Լաուիի խոսքերով`միլիոնից մեկ է պատահում, որ նման երեխաները ծնվեն տարբեր տարիներին բայց միևնույն օրը:

 

Երկվորյակները ծնվել են նույն օրը 2 տարի տարբերությամբ