Լուվրին մեղադրում են Լեոնարդո դա Վինչիի նկարը անորակ վերականգնելու մեջ
Գեղանկարչության ասպարեզում առաջատար երկու Ֆրանսիացի մասնագետներ Լուվրին մեղադրել են Լեոնարդո դա Վինչիի «Սուրբ Աննան` Մարիամի և մանուկ Քրիստոսի հետ» (1510 թ.) նկարի անորակ վերականգնման մեջ:
Մասնագետները կարծում են, որ նկարը չափազանց շատ է լուսավորվել և ներկա պայծառության աստիճանը հեղինակի հորինվածքին չի համապատասխանում:
Վերականգնողական աշխատանքների դեմ ելույթ են ունեցել Ֆրանսիայի բոլոր պետական թանգարանների վերականգնողական աշխատանքների պատասխանատու Սեգոլեն Բերգեոն Լանգլը (Segolene Bergeon Langle), և Լուվրի գեղանկարչության բաժնի նախկին ղեկավար` Ժան-Պիեռ Կյուզանը: Որպես բողոքի նշան՝ երկուսն էլ դադարեցրել են Լուվրի վերականգնման միջազգային կոմիտեին իրենց անդամակցությունը:
Մասնագետները պնդում են, որ վերականգնողական աշխատանքների ժամանակ բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունները չեն իրականացվել: Հակառակ դեպքում` պարզ կդառնար, որ չափազանց ուժեղ լուծիչներ են ընտրված:
Աշխատանքների հենց սկզբից Լանգլը նման լուծիչների կիրառմանը դեմ էր արտահայտվել, սակայն բրիտանացի վերականգնողները համոզված էին, որ ընտրված նյութերը Լեոնարդոի գեղանկարչության հեղինակային ոճը չեն վնասի:
Բրիտանական վերականգնողական դպրոցը հաճախ է քննադատվում նկարների հեղինակային հորինվածքի խեղաթյուրմանը նպաստող արտաքին շերտին չափազանց շատ միջամտելու համար:
Բրիտանացի գիտնականներն իրենց հերթին պնդում են, որ նման մեթոդը հնարավորություն է տալիս նկարը տեսնել այնպես, ինչպես եղել է նկարվելիս, քանի որ ժամանակի ընթացքում գունանյութերը խամրում են:










