Պինոչետն այլևս բռնապետ չէ

13:47 • 05.01.12

Չիլիում սկանդալի առիթ է հանդիսացել այն, որ դպրոցական դասագրքերում Ավգուստո Պինոչետին դադարել են բռնապետ անվանել: Այս մասին տեղեկացնում է rbc.ru-ն:

Այժմ երեխաներին սովորեցնում են, որ 1973-1990թթ. Չիլիում «վարչակարգ» է եղել, այլ ոչ թե «բռնապետություն»: Ձախ կուսակցությունները կառավարությանը մեղադրել են պատմությունն աղավաղելու մեջ:

Միաժամանակ, կառավարությունը պնդում է, որ փորձել է միայն ավելի ընդհանուր եզրույթ գտնել և որ այդ որոշումը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի:

Պինոչետն իշխանության եկավ պետական հեղաշրջման միջոցով: Նրա կառավարման տարիներին երեք հազարից ավելի չիլիացիներ սպանվել են հատուկ ծառայությունների և զինվորականների կողմից:

Բռնապետին` մարդու իրավունքների խախտումների համար դատելու մի շարք փորձերն ապարդյուն են անցել:

Պինոչետը մահացել է 2006թ. դեկտեմբերի 10-ին, 91 տարեկան հասակում: Նրան հուղարկավորել են զինվորականին վայել կարգով, թեև այն պաշտոնական կարգավիճակ չի ունեցել և երկրում սուգ չի հայտարարվել:
 

Պինոչետն այլևս բռնապետ չէ