CES 2012-ը` ԱՄՆ - ում էլեկտրոնիկայի ամենամեծ ցուցահանդեսը մեկնարկում է Լաս-Վեգասում

02:01 • 10.01.12

Միջազգային սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսը` Consumer Electronics Show 2012-ն, որը ամենամեծն է ԱՄՆ-ում և աշխարհի խոշորագույններից է` երեքշաբթի օրը մեկնարկում է Լաս-Վեգասում:

Consumer Electronics Show-ն (CES) ավանդաբար օգտագործվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների կողմից կենցաղային և համակարգչային տեխնիկայի առավել հետաքրքիր նորույթների ներկայացման համար:

Իտարբերություն բարձր տեխնոլոգիաների ոլորտի այլ խոշոր հավաքների` CES-ը փակ է սովորական այցելուների համար, սակայն այնտեղ ներկայացված նորույթները լայն տարածում են ստանում ԶԼՄ-ներում:

Սպասվում է, որ այս տարի ցուցահանդես կայցելեն մոտ 140 հազար բարձր տեխնոլոգիաների մասնագետներ և լրագրողներ: CES-ին մասնակցում են 140 երկրներից 2700 ընկերություններ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

2012 թվականի CES-ի գլխավոր թեմաներից մեկը պետք է դառնա փոքրածավալ Էլեկտրոնիկան: Մի շարք ընկերություններ կներկայացնեն Android 4.0 Ice Cream Sandwich-ի հենքի վրա ստեղծված առաջադեմ սարքավորումներ, չորսմիջուկ ARM պրոցեսորներով պլանշետներ և սմարթֆոններ, որոնք ապահովում են գերբարձր արագության LTE ստանդարտի բջջային կապ:

CES 2012-ին կներկայացվեն նորագույն ուլտրաբուքեր` բարակ և թեթև նոութբուքեր, որոնք առանձնանում են իրենց բարձր արագությամբ և մարտկոցներից սնվելով երկար աշխատելու ունակությամբ:
 

CES 2012-ը` ԱՄՆ - ում էլեկտրոնիկայի ամենամեծ ցուցահանդեսը մեկնարկում է Լաս-Վեգասում