Միջազգային տիեզերական կայանին սպառնում է տիեզերական աղբի հետ բախում
Միջազգային տիեզերական կայանին (ՄՏԿ) է մոտենում ամերիկյան «Իրիդիում» արբանյակի մոտ 10 սմ տրամագծով հատվածը: Եթե ՄՏԿ-ի ուղեծիրը չփոխվի, ապա հունվարի 14-ին այն երկու անգամ կայանին շատ մոտ` 1-24 կմ հեռավորության վրա կհայտնվի:
Սակայն կայանի ուղեծրի փոփոխման մասին որոշում դեռ չի կայացվել: «Որոշումը կկայացվի օրվա երկրորդ կեսին»,- ռուսական «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ին հայտնել են Թռիչքների ղեկավարման մերձմոսկովյան կենտրոնից: Կենտրոնի ներկայացուցչի խոսքով` «աղբը» մեծ չէ, այնպես որ խոսել ՄՏԿ-ի հետ բախման իրական վտանգի մասին դեռ վաղ է:
Ներկայում տիեզերքում թռչում են 13 հազարից ավելի օբյեկտներ, որոնց չափերը 20-30 սմ-ից ավելի են, իսկ 1 սմ, կամ ավելի փոքր «աղբիկները» տասնյակ միլիոն հատ են:










