Աստղագետները պարզել մեր գալակտիկայի իրական գույնը
Այժմ աստղագետները գիտեն, թե իրականում ինչ գույն ունի մեր գալակտիկան` Ծիր կաթինը: Երկրից դիտարկելիս այն լիովին համապատասխանում է անվանը` իսկապես սպիտակ է:
BBC–ն հաղորդում է, որ համեմատելով այլ գալակտիկաների մեջ մտնող աստղերի տեսակները գիտնականները հանգել են նույն արդյունքին: Պարզվում է, որ աստղերի հանրագումար գույնը վարդագույն երանգով սպիտակ է:
«Աստղագետների համար գալակտիկայի գույնը դիտարկման կարևորագույն պարամետրերից է, այն պատմում է տվյալ գալակտիկայի աստղերի տարիքի մասին: Մենք պատկերացում ենք կազմում, թե ինչպես են դրանք ձևավորվել, կազմավորման ո՞ր փուլում են ... », - հայտարարել է Պիտսբուրգի համալսարանի աշխատակից` Ջեֆրի Նյումանը:
Իրականում աստղագետները կարող են միայն ենթադրություններ կառուցել, թե ինչ տեսք ունի մեր գալակտիկան դրսից դիտարկելիս: Բանն այն է, որ Արեգակնային համակարգը գտնվում է Ծիր կաթինի թևքերից մեկի խորքում, բացի այդ դիտարկմանը խանգարում են տիեզերական փոշու ամպերը:
Իսկ ինչ է վկայում մեր գալակտիկայի գույնը նրա զարգացման մասին: Ծիր կաթինը երիտասարդ, թե ծեր գալակտիկա է:
«Ըստ ուսումնասիրության ստացվում է, որ Ծիր կաթինը գտնվում է իր գոյության միջին փուլում: Ելնելով գույնից կարելի է պնդել, որ նրանում նոր աստղերի գոյացման ընթացքը դանդաղում է, իսկ դա զարգացման շատ հետաքրքրական փուլ է», - ասել է պրոֆեսոր Ջեֆրի Նյումանը:










