Լոնդոնը օլիմպիադայի պատճառով կարող է դառնալ հազվագյուտ հիվանդությունների տարածման օջախ
Բրիտանական և օտարերկրյա առողջապահության ոլորտի մասնագետների կարծիքով` Լոնդոնը կարող է հազվադեպ հիվանդությունների հարուցիչների էպիկենտրոն դառնալ` քաղաքում այս տարի կայանալիք Օլիմպիական և պարալիմպիական խաղերի պատճառով:
Բրիտանական հեղինակավոր Lancet Infectious Disease բժշկական ամսագիրը զեկույց է հրապարակել, որտեղ գնահատվում են առկա և հնարավոր ռիսկերը` կապված Լոնդոն աշխարհի տարբեր ծայրերից պատվիրակություննրի այցի, կարճ ժամանակահատվածում, սահմանափակ տարածքում ու տարվա տաք եղանակին մի շարք զանգվածային միջոցառումներ անցկացնելու հետ:
Գիտնականների կարծիքով` դա կարող է հեռու գնացող հետևանքներ թողնել աշխարհի բնակչության առողջության, անվտանգության և տնտեսական ակտիվության վրա:
Մասնավորապես, Արևելյան Անգլիայի համալսարանի պրոֆեսոր Իբրահիմ Աբուբակարը զգուշացնում է, որ անհայտ հիվանդությունների ռիսկը սպառնում է ինչպես օտարերկրյա հյուրերին, այնպես էլ նրանց հետ շփվող բրիտանացիներին:
Նմանատիպ իրավիճակների օրինակներից նա բերել է կրոնական, երաժշտական և սպորտային զանգվածային միջոցառումները: Օրինակ, 2008 թվականին Ավստրալիայում գրիպի համաճարակի պատճառը երիտասարդության համաշխարհային օրն էր:
Մինչդեռ 2012 թվականի խաղերի նախապատրաստման առողջապահության բաժնի պատասխանատուները նշում են, որ գործակալությունը հիվանդանոցներից և ընդունման կենտրոններից ամբողջ տեղեկատվությունը ստանում է իրական ժամանակի ռեժիմով և հիվանդությունների մոնիթորինգի ասպարեզում կարող է դառնալ աշխարհի ամենակատարյալ համակարգը:










