Ամերիկացի մաթեմատիկոսները մշակել են ուղեղի աշխատանքի մոդել, որը բացատրում է սերիական մոլագար Չիկատիլոյի ֆենոմենը

01:24 • 17.01.12

Չիկատիլոն ինչպես է ընտրել իր զոհերին և ինչու է նրանց կոնկրետ պարբերականությամբ սպանել: Համապատասխան եզրակացություններով իրենց աշխատանքը գիտնականները հրապարակել են Քորնելի համալսարանի էլեկտրոնային գրադարանում: Ռուսաստանցի Չիկատիլոն հանդիսանում է աշխարհի ամենահայտնի սերիական մարդասպաններից մեկը: Իր առաջին սպանությունը նա կատարել է 1978-ին Շախտի խորհրդային քաղաքում, իսկ վերջինը` 1990-ին: Այս ժամանակահատվածում մոլագարը կյանքից զրկել է 54 մարդու, այդ թվում` բազմաթիվ կանանց և երեխաների: Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանից Միխայիլ Սիմկինն ու Վվանի Ռոյչոուդհուրին վերլուծել են մոլագարի պահվածքը մաթեմատիկական տեսանկյունից և պարզել, որ դա համապատասխանում է «սատանայի սանդուղք» մաթեմատիկական հայտնի ֆունկցիային: Այդ ֆունկցիայի գրաֆիկը նման է իրենց երկարությամբ անհավասար աստիճաններով սանդուղքի, որոնց բարձրությունը աստիճանաբար աճում է` 0-ից 1 շարժման ժամանակ: Եվ ահա, ինչպես բացատրում են գիտնականները, Չիկատիլոյի հանցավոր գործունեության խրոնիկան այդ աստիճանն է հիշեցնում. սպանությունների թիվն աճել է էքսպոնենցիալ աճի օրենքով, իսկ դրանց միջև ընկած ժամանակահատվածները` կրճատվել գրեթե նույն սկզբունքով: Գիտնականների տեսակետի համաձայն` այս երևույթը բացատրվում է նրանով, որ Չիկատիլոյի ուղեղում առկա է եղել նյարդային բջիջների մի խումբ, որը պատասխանատու է հերթական սպանությունը կատարելու ցանկության համար: Այդ նեյրոնները աստիճանաբար մեծացրել են իրենց ակտիվությունը և հասել որոշակի կրիտիկական սահմանագծի: Այդ պահին հանցագործություն կատարելու ցանկությունը անզսպելի է դարձել, ինչը և Չիկատիլոյին դրդել է անցնել հերթական զոհի որոնմանը: Սպանություն կատարելուց հետո բջիջների մի մասը «անջատվում է» որոշ ժամնակով, իսկ հետո ամեն բան կրկնվում է:
Առաջնորդվելով այս գաղափարով` մաթեմատիկոսները մշակել են պարզագույն համակարգչային մոդել, որը նկարագրում է ժամանակի ընթացքում նյարդային բջիջների հանրույթի ակտիվության աճը: Գիտնականները մոդելի աշխատանքին հետևել են 12 «վիրտուալ» տարի և նյարդային բջիջների ակտիվության գրաֆիկը համեմատել են սպանությունների կատարման ժամանակի հետ:
Պարզվել է, որ մոդելի աշխատանքի արդյունքները շատ մոտ են եղել զանազան հանցագործությունների կատարման ժամանակին: Սիմկինն ու Ռոյչոուդհուրին ենթադրում են, որ դրա աշխատանքի հստակությունը կարելի է բարելավել, եթե լրացուցիչ գործոն հավելվի, այն է` «սպանության հաջողվածությունը»: Հեղինակները բացատրում են, որ անհաջողությունները հազվադեպ են խանգարում սերիական մարդասպաններին, որոնք հաճախ փորձում են նոր զոհ գտնել տապալված փորձի հաջորդ օրը: Դրանից բացի, մաթեմատիկոսների մոդելը սերիական մարդասպանների հետաքրքրական առանձնահատկություն է մատնանշել. հերթական չարագործությունը կատարելու հնարավորությունները շատ ավելի բարձր կլինեն նոր կատարված սպանությունից, քան հանցագործությունների միջև տևական դադարից հետո: Նման կախվածություն դիտվում է նաև իրականում:
Հիշեցնենք, որ 2009-ին կանադացի մաթեմատիկոսները հաշվարկել էին զոմբիների հիպոթետիկ հարձակման դեմ պայքարի ռազմավարությունը. նրանց ստեղծած մոդելը հիշեցնում է մարդկանց շրջանում գաղափարների տարածման մոդելը:
 

Ամերիկացի մաթեմատիկոսները մշակել են ուղեղի աշխատանքի մոդել, որը բացատրում է սերիական մոլագար Չիկատիլոյի ֆենոմենը