Դարվինի «բրածո գանձը» հին պահարանում է հայտնաբերվել
Բրածոներից կազմված «գանձը», որոնց մի մասը հավաքել է Չարլզ Դարվինը, պատահաբար հայտնաբերվել է հին պահարանում:
Արդեն 165 տարի առաջ կորած այդ նմուշները հայտնաբերվել են Բրիտանական երկրաբանական հետազոտությունների ինսիտուտի պահոցներում:
Լոնդոնի համալսարանի գիտնական Հովարդ Ֆելքոն Լանգը, ով հայտնաբերել է բրածոները` պատմել է, որ պատահաբար նկատել է պահարանի մի քանի արկղ, որոնց վրա գրված էր «չգրանցված բրածո բույսեր»:
Հովարդ Ֆելքոն Լանգը, արկղի մեջ հայտնաբերել է մանրադիտակով դիտելու համար նախապատրաստված 314 ապակե հարթակների հիանալի պահպանված նմուշների հավաքածու:
«Նման կերպ պահպանված նմուշները հնարավորություն են տալիս անմիջապես ուսումնասիրել բրածո բույսերը: Առաջին իսկ հարթակը ուսումնասիրելիս, ես նկատեցի ստորագրությունը` C. Darwin Esq», - պատմել է գիտնականը և ավելացրել, որ ևս մի փոքր ժամանակ է պահանջվել ինքն իրեն համոզելու համար, որի իր ձեռքերում մեծ գիտնականի այդքան հայտնի ստորագրությունն է:
Հետագայում պարզվել է, որ օբյեկտը բրածո փայտանյութի նմուշ է, որը Չարլզ Դարվինը հայտնաբերել է 1834 թ. «Բիգլ» նավով իր հանրահայտ շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում: Այդ արշավախմբի ժամանակ բնագետը առաջին անգամ սկսեց մշակել իր էվոլյուցիայի տեսությունը:










