Արևելյան Եվրոպայում անտանելի ցուրտ է. արդեն 60 մարդ է մահացել
Արևելյան Եվրոպայում գրանցված ցրտերն արդեն 60-ից ավելի մարդու կյանք են խլել, տեղեկացնում է Reuters-ը` վկայակոչելով պաշտոնական տվյալները:
Գործակալությունը փոխանցում է, որ Ուկրաինայում ջերմաստիճանը հասել է մինուս 33-ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին 6 տարիների կտրվածքով: Բոսնիայի արևելքում այդ ցուցանիշը կազմել է 31 աստիճան, Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում` մինուս 30: Բոսնիայի արևելյան մասում տասնյակ գյուղեր պատվել են մինչ 2 մետրի հասնող ձյան շերտով: Բուլղարիայում ցրտերի զոհ է դարձել 5, Ռումինիայում` 8 մարդ:
Ռումինիայում անցած շաբաթ զինվորականները փրկել էին ձյունամրրիկի պատճառով կորած հարյուրավոր մարդկանց` վարորդների: Սև ծովը սառցակալել է ռումինական Մամայա հանգստավայրի մոտակայքում, իսկ իշխանություններն արգելել են երկիր մտնել ամառային անվադողերով մեքենաներին: Բուլղարիայի հետ սահմանային աղի լիճը սառցով է պատվել վերջին 58 տարվա մեջ առաջին անգամ:
Անցած գիշեր 5 մարդ զոհվել է Լեհաստանում` այդ երկրում ցրտից մահացածների ընդհանուր թիվը հասցնելով 15-ի: Կան նաև տուժածներ, հիմնականում գազային թունավորումներով, ինչպես հայտնում է Լեհաստանի Ներքին գործերի նախարարությունը:
Առնվազն 3 մարդ էլ մահացել է Սերբիայի լեռնային շրջաններում: Իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել 13 վարչական միավորներում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների նախարարությունը, առնվազն 30 մարդ է ցրտի զոհ դարձել, հիմնականում ` անօթևաններ:
Եվս 500 մարդ ցրտահարությամբ հիվանդանոցներ է դիմել:









