Հայաստանն Իրանի դեմ սանկցիաների ոչ մի ֆորմատի չի համաձայնի. Իգոր Մուրադյան
«Սարդարապատ» շարժման կողմից այսօր հրավիրված քննարկումը վերաբերում էր Իրանի շուրջ ստեղծված աշխարահաքաղաքական զարգացումներրին: Այս հարցում «Սարդարապատի» տեսակետը միանշանակ է: Շարժման անդամ Տիգրան Խզմալյանը հայտարարեց, որ «Սարդարապատն» իր համերաշխությունն է հայտնում բազմադարյա հարևան Իրանին:
«Համաշխարհային քաղաքականության ապակայունացման բևեռը գտնվում է մեր տարաշածրջանում, Իրանի շուրջ: Արևմտյան երկրների կողմից ռազմական ճնշումները, Իրանի դեմ պատերազմի առաջին փուլն են և հնարավոր է, որ հակամարտությունը դուրս գա այս սահմաններից»,- ասաց Տիգրան Խզմալյանը և հավելեց, որ Արևմուտքի պատճառաբանությունը կապված միջուկային ծրագրի het, չի կարելի հիմք համարել, հատկապես, ունենալով նմանօրինակ դեպք Իրաքի պարագայում:
Ըստ քաղաքագետ Իգոր Մուրադյանի՝ արդեն իսկ ստեղծվել է Իրանի նկատմամբ աշխարահաքաղաքական շրջափակման ծրագիր: Նա մանրամասնեց երկրների մասնակցությունը շրջափակման գործընթացին, որն ըստ քաղաքագետի՝ պայմանավորված է նաև գրեթե բոլոր արաբական երկրների համաձայնությամբ և ղեկավարվում է իհարկե Միացյալ Նահանգների կողմից: «Առաջինը, որ միջազգային հանրությունը պատճառաբանում է, անվտանգության հարցն է, լինի դա տնտեսական, ռազմական, թե քաղաքական առումով: Իսկ Իրանը արեց այն, ինչը նրան չէր թույլատրվում»,- ասաց քաղաքագետը:
Իգոր Մուրադյանը նկատեց, որ Իրանը ներկա պահին լինելով ուժեղ երկիր, այդուհանդերձ չի կարող տեղի չտալ այս ճնշումներին, ուստի ըստ նրա՝ վաղ թե ուշ կողմերը համաձայնության համար ճանապարհներ կորոնեն:
Իսկ մինչ այդ՝ խոսելով շրջափակմանը միացած երկրներից, քաղաքագետը նշեց, որ չնայած Թուրքիան և Ադրբեջանը հայտարարել են, որ չեն մասնակցի այս գործընթացին, սակայն նրա համոզմամբ, այս երկրները, մասնավորապես Թուրքիան գտնվում է «ագրեսիվ հետևողի դիրքում», ինչը նկատում է նաև Իրանը:
Հայաստանի պարագայում Իգոր Մուրադյանի համոզմամբ՝ Արևմուտքին չի հաջողվի Հայստանին ստիպել միանալ իր սանկացիաներին, շատ լավ իմանալով այս երկրի ներուժը: «ԱՄՆ-ն դեռ չի պատկերացնում ինչպես դրան մոտենալ: Կլինեն փորձեր Հայաստանի միջամտության ֆորմատի շուրջ, սակայն ոչ մի լուրջ արդյունքի չեն հասնի, քանի որ Հայաստանը ոչ մի ֆորմատի չի համաձայնվի»,- ասաց նա:









