2011թ. լրատվամիջոցները դժվարին պայմաններում են գործել. Աշոտ Մելիքյան

17:40 • 31.01.12

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր ներկայացրեց իրենց կողմից հրապարակած տարեկան զեկույցը, որը, ըստ նրա, ոչ մի տարի այդքան ծավալուն չի եղել, ինչպես 2011 թ.-ին էր՝ 44 էջ:

Զեկույցում ամփոփվում է անցյալ տարվա խոսքի ազատության վիճակը երկրում և լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների՝ կոմիտեի արձանագրած խախտումները:

Աշոտ Մելիքյանի գնահատմամբ՝ անցյալ տարի լրատվամիջոցները գործել են դժվարին պայմաններում: Նա առանաձնացրեց խախտումների տեսակները, որոնցից են լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնությունները, լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների վրա ճնշումները, ինչպես նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները:
Մելիքկանի խոսքով` ֆիզիկական բռնությունները նախորդ տարվա համեմատ նվազել են՝ ընդհանուր առմամբ 5 դեպք: «Սակայն երբ լրագրողի վրա ձեռք են բարձրացնում, մեզ համար արդեն իսկ մտահոգիչ է»,- ասաց նա:

Աշոտ Մելիքյանը, այդուհանդրեձ, նշեց, որ 2011թ. ճնշումների քանակն աննախադեպ է եղել՝ ընդհանուր 49 դեպք: Դեպքերի նման աճը նա պայմանավորում է նրանով, որ ավելացել են լրատվամիջոցների նկատմամբ հարուցվող դատական գործերը՝ 34 դատական գործ, որից 4-ը հարուցվել են դեռ 2010թ. :

«Դրանցից միայն մեկն է մերժվել` Աժ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հայցն ընդդեմ «Իրավունք մեդիայի»»- ասաց նա և ավելացրեց, որ ճնշումները, բացի դատական գործերից, իրականացվել են նաև մեքենան այրելու կամ «գլուխ ջարդելու» մասին սպառնալիքների միջոցով:

Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների մասով, ըստ Աշոտ Մելիքյանի, գրանցվել է 7 դեպք: