Եգիպտոսում ցուցարարները սպառնում են խորտակել Լուքսորից Կահիրե տարածքը
Եգիպտոսի հարավում` Լուքսորից հարավ ընկած Իսնա բնակավայրում, սեզոնային բանվորները գործադուլ են սկսել` փակելով Նեղոսի հոսքը, հայտնում է РИА Новости-ին` հղում կատարելով եգիպտական «Ալ-Ահրամ» թերթին:
Գործադուլավորները սպառնում են բացել այս շրջանում գտնվող ջրարգելակը և խորտակել Լուքսորից Կահիրե ընկած հողատարածքները: Բացի այդ ցուցարարները սպառնացել են կտրել Ասուանի ՀԷԿ-ից դուրս եկող էլեկտրական մալուխները:
Հարյուրավոր սեզոնային աշխատողներ, որոնք զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով, արդեն մի քանի օր է ցույց են անում` պահանջելով ամրագրել իրենց կարգավիճակը, որպես մշտական աշխատողների և բարձրացնել աշխատավարձերը:
Այժմ ջրարգելակի շրջանում մոտ 80 լողացող հյուրանոց է կուտակվել` ավելի քան 5 000 արտասահմանցի զբոսաշրջիկներով: Արևմտյան տուրիստական գործակալությունները դադարեցրել են Լուքսորի և Ասուանի տուրերի վաճառքը:
Բանվորների հետ բանակցությունների բոլոր փորձերը մինչ այժմ ձախողվել են:









