Նշագեղձերի հեռացման վիրահատությունից հետո մահացած երեխայի մահվան դեպքը կքննի նաև ԱՆ հանձնաժողովը
ՀՀ առողջապահության նախարար (ԱՆ) Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ ստեղծվել է ներքին հանձնաժողով, որը կքննի հունվարի 28-ին «Հրազդան» բժշկական կենտրոնում նշագեղձերի հեռացման վիրահատությունից հետո մահացած հնգամյա Միլենա Մարտիրոսյանի դեպքը: Այս մասին Tert.am-ին ասացին ԱՆ լրատվական ծառայությունից: Ըստ տեղեկատվության՝ դեռևս որևէ բուժաշխատող, որն առնչվում է փոքրիկ Միլենայի վիրահատությանը, աշխատանքից չի հեռացվել. «Դեպքը տեղի է ունեցել ընդամենը երկու օր առաջ, ուստի պետք է սպասել նախաքննության եզրակացությունը»,- հայտնեցին լրատվական բաժնից:
Հիշեցնենք, որ վիրահատությունը տեղի էր ունեցել հունվարի 26-ին, և երեխան դուրս էր գրվել, սակայն երկու օր անց նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել:
Հեռուստատեսությամբ երեկ ցուցադրվեցին կադրեր, թե ինչպես էին մահացած երեխայի վրդովված հարազատները կոտրել բուժհիմնարկի ապակիները:
Տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:









