Վրաստանը ժողովրդավարության և թափանցիկության օրինակ է. Օբամա
Վրաստանն այլ երկրների համար կարող է ժողովրդավարության ու թափանցիկության օրինակ դառնալ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` առաջին անգամ Սպիտակ տան Օվալաձև սրահում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հյուրընկալելուց հետո:
«Մենք ողջունում ենք ժողովրդավարության ու թափանցիկության այն մոդելը, որը նրանք կիրառում են ոչ միայն իրենց երկրում, այլև ամբողջ տարածաշրջանում: Մենք հուսով ենք, որ առաջընթացի պահպանման դեպքում առաջիկա տարիներին բազմաթիվ երկրներ ևս կհավատան, որ եթե Վրաստանին հաջողվեց փոխակերպվել, ուրեմն իրենց էլ կհաջողվի»,- հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Օբաման:
Ինչպես հաղորդում է ռուսական «Գազետա.ռու»-ն, ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Վրաստանը պետք է հպարտանա ժողովրդավար ու ինքնիշխան երկիր կառուցելու գործում գրանցած առաջընթացով:
Սաակաշվիլին իր հերթին խոստացել է առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցկացնել արդար ու ապագա խորհրդարանին շնորհել մեծ լիազորություններ:
«Ես կշարունակեմ համագործակցել Ձեր հետ բոլոր ուղղություններով: Եվ ոչ մի բան չի կարող Վրաստանին շեղել այդ ճանապարհից, ոչ մի բան մեզ չի ստիպի ետ գնալ` դեպի ավելի քիչ ժողովրդավարացում, կոռումպացված ու հնացված քաղաքական համակարգ»,- ասել է Վրաստանի նախագահը:
Մինչ այդ` հունվարի 27-30-ը, Սաակաշվիլին մասնակցել է Basecamp գագաթաժողովի աշխատանքներին, որին մասնակցել են նաև աշխարհի խոշոր ներդրողներ և գործարարներ:









