Հայրիկյանի` դաշինք ստեղծելու հայտարարությանը չեն արձագանքում
«Ազգայինինքնորոշում միավորում» կուսակցությունը չնայած մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ ցանկանում է այլ կուսակցությունների հետ դաշինք ստեղծել, մինչ օրս ԱԻՄ-ի հայտարարությունը որևէ արձագանք չի գտել:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը ներկայացրեց իր կուսակցական գործընկերների կողմից ընդունված հայտարարությունը, որում նշված է, որ դաշինք ստեղծելու գաղափարի նկատմամբ հետաքրքրություններ շատ են եղել, սակայն մինչ օրս այն պատշաճ արձագանք չի ստացվել:
Ըստ հայտարարության՝ կուսակցությունների հիմնական մասի համար առաջնային չեն մարդու իրավունքները և մասնավորապես քաղաքացիների իրավունքը պետության կառավարմանը մասնակցելու հարցում, որի պատճառով Հայաստանում քաղաքացին շարունակում է մնալ «իշխանակիրների իրավազուրկ ենթական»:
«Մյուս կուսակցություններն ավելի լավ կարող են ասել, թե ինչու չկարողացան դաշինք ստեղծել, քան ես: Որևէ մեկի դաշինք չկազմելու ցանկությունը չեմ ուզում քննարկել, իրենց իրավունքն է: Բայց այս գործընթացը դեռ չի ավարտվել. դեռ հնարավոր է` դաշինք ստեղծվի»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
ԱԻՄ ղեկավարը պատրաստ է դաշինք ստեղծել յուրաքանչյուր կուսակցության հետ, այդ թվում, իր իսկ խոսքով, իր կողմից չսիրված ՀԱԿ-ի հետ: Սակայն դա կարող է տեղի ունենալ միայն մի պարագայում. «Նրանք պետք է ընդունեն բացառապես ժողովրդավարական երկիր ստեղծելու մեր ծրագիրը»:









