Ոստիկանությունը կաշառքի փաստով ևս երկու նոր քրեական գործեր է հարուցել Գյումրիում
Բացի Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դեկան Արտաշես Մկոյանի դեմ կաշառք վերցնելու հատկանիշներով հարուցված գործը, ևս երկու քրեական գործեր էլ հարուցված են ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնում՝ երկու այլ անձանց վերաբերյալ: Tert.am–ի այս տեղեկատվությունը հաստատեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ երեկ Ոստիկանության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր՝ 6-րդ վարչության աշխատակիցներն ուսանողին քննություն և ստուգարք նշանակելու դիմաց պահանջված 150 000 դրամ կաշառքը ստանալու պահին ձերբակալել էին դասախոսին:
Կայքերից մեկը հաղորդել էր, որ այսօր ԿՀԴՊԳՎ աշխատակիցները դարձյալ ինստիտուտ են այցելել, կապարակնքել են պատմաբանասիրական ֆակուլտետի դեկանատի, դեկանի կաբինետի դռները և ոստիկանություն հրավիրել ու հարցաքննել բուհի պրոֆեսորադասախոսական կազմին:
«Ոչ մեկը չի ասում կոռուպցիայի դեմ մի պայքարեք, պայքարեք, բայց մարդավայել ձևով, այլ ոչ թե ստալինյան մեթոդներով`ջահելների մեջ շպիոններ ու գործ տվողներ բուծելով»,-aravot.am-ին ասել են դասախոսները:
Tert.am-ի այն հարցին, թե ինչու են ոստիկանները բուհում խաթարել ուսումնական գործընթացը, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից պատասխանեցին, որ հարուցված քրեական գործի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվում:
Ինչ վերաբերում է դասախոսներին, ապա նրանք խոստացել են առաջիկայում մամուլի ասուլիս հրավիրել և բարձրաձայնել բուհական կոռուպցիայի վերաբերյալ:









