ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր Սիրիայի հարցով նիստ կանցկացնի
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր Նյու Յորքում կանցկացնի Սիրիայում ներքաղաքական հակամարտության կարգավորման խնդրով նիստ: Ինչպես հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, նիստում կքննարկվի սիրիական խնդրի շուրջ արաբա-եվրոպական բանաձևի նախագիծը, որն ուրբաթ ներկայացվել էր ՄԱԿ-ի ԱԽ նիստում(բանաձևի նախագիծը մշակել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Պորտուգալիան, ԱՄՆ-ն, Կատարը և Մարոկոն):
ՄԱԿ-ի ԱԽ նիստին կմասնակցեն արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Ալեն Ժյուպեն ու Ուիլյամ Հեյգը: Նրանք պատրաստակամություն են հայտնել աջակցել արաբա-եվրոպական բանաձևի նախագծին: Նիստում ելույթ կունենա Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին:
Բանաձևի նախագիծը հաստատում է ԱԵԼ-ի` խնդրի խաղաղ կարգավորման ծրագիրը: Այն ներառում է նախագահ Բաշար ալ Ասադի կողմից իշխանությունը փոխնախագահին փոխանցելու և Դամասկոսի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ կետեր:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն ասել է, որ Ռուսաստանը չի աջակցում Սիրիայի խնդրով այս բանաձևին, սակայն համաձայն է շարունակել բանակցությունները:
2011թ-ի մարտից Սիրիայում բախումներ են ընթանում նախագահ Ասադի ռեժիմի կողմնակիցների ու հակառակորդների միջև: ՄԱԿ-ի տվյալներով` այս ժամանակահատվածում զոհվել է մոտ 6000 մարդ:









