Medicare–ի գործով հայազգի մեղադրյալը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել
Ամերիկյան Medicare բժշկական ապահովագրության համակարգում զեղծարարություններին մեղսակից լինելու մեջ կասկածվող հայազգի Սարգիս Թադևոսյանը երեկ 6 տարվա ազատազրկման է դատապարտվել։
Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, 42–ամյա Թադևոսյանը մեղավոր է ճանաչվել անձնական տվյալներ գողանալու և բժշկական ապահովագրության ոլորտում խարդախություն իրականացնելու համար դավադրություն կազմակերպելու մեջ։
Վերոնշյալ զեղծարարությունների մեջ Թադևոսյանից բացի ներգրավված էր մեր մեկ այլ հայրենակից ևս՝ Արսեն Բեջանյանը, ազգությամբ ռուս Իգոր Շևչուկը և մի շարք այլ անձինք։
Հանցախումը, «Գարիկ» անվամբ (փաստաթղթերում այդ անունով է ներկայացված) մի տղամարդու գլխավորությամբ, գրանցել էր գոյություն չունեցող մի քանի կլինիկաներ և այդ բուժհաստատությունների անունից պարբերաբար ապահովագրական գումարներ ստանալու համար ուղարկել վճարման ենթակա կեղծ հաշիվներ:
Թադևոսյանի «օգնությամբ» Շևչուկն ու Բեջանյանը, մասնավորապես, համաձայնել էին մասնակցել մի քանի կեղծ բանկային հաշիվներ բացելու գործում՝ իրենց անձնական տվյալները փոխանցելով Գարիկին (Գարիկն էր առաջարկել կեղծ փաստաթղերով հաշիվներ բացել՝ դրա դիմաց նրանցից յուրաքանչյուրին ընդամենը 5000 դոլար վճարելով։ Իսկ 2011թ. մայիսին նրանք ևս 400–ական դոլար էին ստացել այն բանի համար, որ համաձայնել էին ստորագրել հաշիվներից մեկի հետ կապված փաստաթղթերը, երբ դրանցում որոշ անճշտություններ էին հայտնաբերվել)։
Թադևոսյանը, Շևչուկը, Բեջանյանը ձերբակալվել էին մայիսին։ Բեջանյանն ու Շևչուկը, ընդունելով իրենց մեղքը, 18–ամսյա ազատազրկման էին դատապարտվել։









