Twitter-ը ԵՄ գագաթնաժողովը զրկել է ինտրիգից
Բրյուսելում երեկ ուշ երեկոյան աշխատանքներն է ավարտել Եվրամիության գագաթնաժողովը: ԵՄ երկրների առաջնորդների հանդիպումը նախատեսվածից չորս ժամ ավել է տևել: Քննարկումն անցել է բավական լարված մթնոլորտում:
Ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, քննարկման արդյունքում միության 27 երկրներից 25-ը համաձայնության են եկել այսպես կոչված «բյուջետային կայունության» վերաբերյալ պայմանագրի շուրջ, որը նպատակաուղղված է եվրոգոտու` ճգնաժամից դուրսբերմանը: Այն նաև պատժամիջոցներ է նախատեսում պայմանագրի կետերը խախտող երկրների համար:
Բյուջետային պայմանագրի քննադատները նշում են, որ այն գործազրկության դեմ պայքարի ու տնտեսական աճի մասին շատ քիչ բան է պարունակում:
Դեմ են արտահայտվել միայն Մեծ Բրիտանիան ու Չեխիան: Բրիտանիան հրաժարվել էր այն ստորագրել դեռ դեկտեմբերին, երեկ նրան է միացել նաև Չեխիան: Պայմանագիրը կստորագրվի մարտին, հերթական գագաթնաժողովի ժամանակ:
Գագաթնաժողովին ինտրիգներից զրկել է Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյը: Նա մինչ նիստի ավարտը Twitter-ի իր էջում գրել է. «Պայմանավորվեցինք, բյուջետային պայմանագիրը պատրաստ են վավերացնել 27 երկրներից 25-ը: Սա նշանակում է, որ Եվրոպային սպասվում է կոշտ ֆինանսական կարգապահություն ու պատժամիջոցներ. բյուջեի 3 տոկոսից ավելի դեֆիցիտի դեպքում տվյալ երկիրը կպատժվի»:
ԵՄ առաջնորդները նաև ստորագրել են բիզնեսին աջակցելու նախագիծը. Եվրոպան 80 մլրդ կծախսի աշխատատեղերի ստեղծման նպատակով:
Իսկ արդեն հուլիսին իր աշխատանքները կսկսի ֆինանսական կայունության նոր հիմնադրամը` 500 մլրդ եվրոյով:









