ԱՄՆ-ն ու Վրաստանը ազատ առևտրի գոտի կստեղծեն
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Վրաստանը դիտարկում են ազատ առևտրի շուրջ համաձայնագիր կնքելու հնարավորությունը` առևտրային կապերն ընդլայնելու նպատակով:
Սպիտակ տանը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո, Օբաման ասել է, որ իրենք պայմանավորվել են բարձր մակարդակի երկխոսություն անցկացնել տարբեր հարցերի շուրջ, այդ թվում` ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ:
«Երկու երկրների համար փոխշահավետ է շարունակել ամերիկյան ներդրումների ուղիների որոնման հնարավորությունը Վրաստանում` մեր ապրանքներն այնտեղ և վրացականը` մեզ մոտ վաճառելու համար»,- ասել է Օբաման: Ըստ նրա` Վրաստանը մեծ քայլեր է իրականացրել արդյունավետ ու ազատ շուկա ունենալու ուղղությամբ:
Օբաման նաև նշել է, որ Վրաստանը կարող է դառնալ ժողովրդավարության ու թափանցիկության օրինակ այլ երկրների համար:
«Մենք ողջունում ենք ժողովրդավարության ու թափանցիկության այն մոդելը, որը նրանք կիրառում են ոչ միայն իրենց երկրում, այլ նաև ամբողջ տարածաշրջանում»,- ասել է նախագահ Օբաման:
Սաակաշվիլին իր հերթին նշել է, որ հանդիպումն արդյունավետ էր:









