2011թ. ամենաշատն ամուսնացել են Կոտայքում, ամենաքիչը` Սյունիքում
Հայաստանում 2011-ին ամենաշատ ամուսնությունները գրանցվել են Կոտայքի մարզում, որին բաժին են ընկնում նախորդ տարվա ընթացքում գրանցված ամուսնությունների 6.8%-ը, այս ցուցանիշներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նրա խոսքով` ամենացածրը ցուցանիշը գրանցվել է Սյունիքում` 4.9%:
Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին գրանցվել է 19.706 ամուսնություն, ինչը 9.6%-ով ավելին է 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ:
«Այն, որ ամուսնությունների թիվն աճել է, ուրախացնում է բոլորիս: Փաստորեն մեր երիտասարդներն ավելի լուրջ են սկսել մոտենալ այս հարցին»,- ասաց նա:
Կույումջյանի խոսքով`չնայած ամուսնալուծությունների թիվը նույնպես աճել է, այն այդքան էլ բարձր չէ` 1000 զույգի դեպքում ընդամենը 1 դեպք:
2011թ. հունվար-դեկտեմբերին ամուսնալուծության դեպքերը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 6.4%-ով և կազմել 3188 դեպք:
Հանրապետությունում 2011թ. հունվար-դեկտեմբերին գրանցված 1000 ամուսնության դեպքում արձանագրվել է ամուսնալուծության 162 դեպք` 2010թ. հունվար-դեկտեմբերին արձանագրված 167-ի համեմատ:
Ըստ վիճակագրական տվյալների` 1000 ամուսնության համեմատ անցած տարի ամենաշատն ամուսնալուծվել են Լոռիում` 305 դեպք, իսկ ամենաքիչը Գեղարքունիքում` 83 դեպք:
Երևանում 1000 ամուսնության դեպքում անցած տարի գրանցվել է ամուսնալուծության 206 դեպք:









