Արմեն Ամիրյանն այլևս Արամեի պրոդյուսերը չէ
Երգիչ Արամեն և նրա պրոդյուսեր Արմեն Ամիրյանն այլևս չեն համագործակցում, այս մասին ասել է Արամեի արդեն նախկին մենեջեր Արտավազդ Ամիրյանը «Ես Yes!» ամսագրի հետ զրույցում:
Արտավազդ Ամիրյանը նաև ներկայացրել է պատճառը. «Դեկտեմբերի 31-ին լրացավ մեր պայմանագրի ժամկետը, դրա համար էլ այլևս ոչ ես, ոչ էլ Արմեն Ամիրյանը չենք համագործակցում Արամեի հետ»:
Հարցին, թե արդյոք որևէ կոնֆլիկտ է եղել վերջին մենահամերգից հետո, Արտավազդը պատասխանել է, որ ոչ մի կոնֆլիկտ էլ չի եղել և հարկ եղած դեպքում դարձյալ Արամեի կողքին կլինեն ու կաջակցեն նրան:
Նախկին մենեջերի փոխանցմամբ՝ այժմ երգիչն իր ցանկությամբ այլ անձնակազմի հետ է աշխատում: Ըստ ամսագրի՝ երգչի մենեջերն այժմ ռեժիսոր Արտյոմ Հակոբյանն է, ով նշել է, որ առաջարկն իրեն հենց Արամեն է արել:
Արամեի և Արմեն Ամիրյանի միջև եղած հնարավոր կոնֆլիկտի մասին Արամեն մեկնաբանություններ չի տվել:
Իսկ ինչ վերբերում է նոյեմբերյան մենահամերգի հետ կապված խնդիրների հարցով «Համլետ Մանիջոյան» ԱՁ-ին դատի տալու գործընթացին, Արտավազդ Ամիրյանը պատասխանել է. «Չնայած այժմ Արամեի հետ չենք աշխատում, այնուամենայնիվ, այդ հարցերով մենք ենք զբաղվում, քանի որ դեռևս այդ ամսին համագործակցում էինք երգչի հետ: Իսկ գործընթացի հետ կապված միայն կարող եմ ասել, որ այն իրավաբանների մոտ է, ովքեր ուսումնասիրություններ են անում. Արդյունքը ցույց կտա, թե մենք ինչպես կվարվենք այդ ընկերությունների հետ»,- եզարափակել է Արտավազդ Ամիրյանը:










