Ադրբեջանցի պատգամավորներն առաջարկում են փոխել երկրի անունը

15:50 • 01.02.12

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորներն այսօրվա նիստում առաջարկել են վերանվանել երկիրը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական SalamNews գործակալությունը, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովն ասել է, որ վերջին ժամանակներում հասարակության մեջ կարծիքներ են հնչում երկիրն անվանել Հյուսիսային Ադրբեջան:

«Համաշխարհային պրակտիկայում գոյություն ունեն Հյուսիսային ու Հարավային Կորեա, Հյուսիսային ու Հարավային Կիպրոս: Ադրբեջանն ավելի նպատակահարմար կլիներ անվանել Հյուսիսային Ադրբեջան` որպես մասնատման ենթակա պետություն»,- ասել է նա:

Մեկ այլ պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևը նշել է, որ Ադրբեջանի երեք քառորդը բաժին է ընկնում Հարավային Ադրբեջանին, մեկ քառորդը` Ադրբեջանական Հանրապետությանը:

«Այդ պատճառով պետք է փոխել մեր երկրի անունը` դարձնելով Հյուսիսային Ադրբեջան»,- ասել է նա:

Ըստ նրա` Գյուլիստանի (1813թ.) ու Թուրքմենչայի (1828 թ.) պայմանագրերը պետք է անվավեր ճանաչվեն, քանի որ «չեն համապատասխանում ադրբեջանական ազգի շահերին»:

Պատգամավոր Ֆարաջ Գուլիևն էլ նշել է, որ 1991 թվականին անկախության մասին ակտի ընդունման ժամանակ նա հանդես է եկել նման առաջարկով, այժմ նա կրկին այդ հարցի «վերակենդանացման» կողմնակից է: