Դեդ Հասանը, հնարավոր է, ինքն է իրեն «պատվիրել»

12:33 • 01.02.12

Քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) վրա հարձակման գործը քննող իրավապահները պարադոքսալ եզրակացության են եկել: Ինչպես հաղորդում է newsru.com-ը, քննիչները պարզել են, որ Ուսոյանն է բեմադրել իր վրա հարձակումը:

Քննիչների վարկածի համաձայն` Դեդ Հասանը 2009 թվականին կազմակերպել է նախ հայտնի «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի` Յապոնչիկի սպանությունը, ով, իբր, ցանկացել է իր հսկողության տակ վերցնել «գողական աշխարհը», իսկ դրանից հետո, իր վրայից կասկածները հեռացնելու համար որոշել է բեմադրել իր մահափորձը:

«Ուսոյանն իր կամքով է իրեն «դրել» նշանառության տակ, որպեսզի Յապոնչիկի սպանության ու իր վրա հարձակման մեջ մեղադրեն իր հետ կլանի համար պայքարող Տարիել Օնիանիին` Տարոյին»,- ենթադրում են իրավապահ մարմիններում:

Սակայն քրեական աշխարհում այս վարկածը չկայացած են համարել: Ինչպես ռուսական Московский комсомолец թերթին է ասել հանցավոր աշխարհի ներկայացուցիչը, նման խարդախություններն ընդունված չեն «գողական աշխարհում»: Նրա խոսքով`  Յապոնչիկի սպանությունը պատվիրել է բիզնեսի գործով նրա մրցակիցը, իսկ Դեդ Հասանի վրա կրակել են հատուկ ծառայությունները` հանցավոր շրջապատի գործակալների հետ դավադրության արդյունքում: Ըստ աղբյուրի` գործակալները հայտնաբերվել ու պատժվել են, իսկ հատուկ ծառայությունների աշխատակիցները, բնականաբար, հանցագործության համար պատասխանատվություն չեն կրել:

Հիշեցնենք, որ Ուսոյանի վրա հարձակումը կատարվել է 2010 թվականի սեպտեմբերի 16-ին: «Օրենքով գողի» վրա կրակել են նրա որդու տան մուտքի մոտ: 73-ամյա Հասանը որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ օրեր անց` դուրս գրվել: