Ամուսնալուծությունն առավել վնասակար է երիտասարդ տարիքում

00:38 • 01.02.12

Ամուսնալուծությունը առավել խիստ է վնասում երիտասարդ զույգերի առողջությանը, քան մեծահասակներին: Նման եզրակացության են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները:

Social Science & Medicine պարբերականի փոխանցմամբ` սոցիոլագիայի դոցենտ Հուի Լյուն (Hui Liu) ուսումնասիրել է Americans’ Changing Lives ազգային երկարաժամկետ հետազոտության տվյալները: Մասնավորապես, նրան հետաքրքրել է 15 տարի ամուսնությունը պահպանած և այդ ժամանակահատվածում ամուսնալուծված հետազոտության մասնակիցների առողջական վիճակների տարբերությունը:

Ամրապնդելով նմանատիպ նախորդ ուսումնասիրությունների պնդումները, պարզվել է, որ ամուսնացածները կարող են պարծենալ ավելի կայուն առողջությամբ, քան ամուսնալուծվածները: Նաև, պարզվել է, որ առկա տարբերությունը աճում է, որքան փոքր է ամուսնալուծությունն ապրելու տարիքը:

Օրինակ` 35-41 տարեկանում ամուսնալուծվածների մոտ առողջական խնդիրները զգալիորեն ավելի շատ են, քան 44 – 50 տարեկան հասակում այդ քայլին դիմածներինը: Նմանատիպ հարաբերակցություն է նաև մյուս տարիքային խմբերի պարագայում:

Հատկանշական է, որ ուսումնասիրության 15 տարիների ընթացքում այն մասնակիցները, որոնք ամուսնացած կամ միայնակ են եղել, նրանց առողջության մակարդակը չի փոխվել: Փաստորեն առողջության վատթարացման վրա ազդել է ոչ թե ինքնին ամուսնացած լինելը, այլ ամուսնալուծությունը:
 

Ամուսնալուծությունն առավել վնասակար է երիտասարդ տարիքում