Ամերիկյան 1-դոլարանոցները կարող են վերածվել մետաղադրամների

17:09 • 01.02.12

Միացյալ Նահանգների Կոնգրեսը կվերանայի թղթադրամների մասին օրինագիծը` մեկ դոլարանոց թղթադրամները մետաղադրամներով փոխարինելու նպատակով; Այս մասին նշվում է Real Time Economics բլոգում, որը վարում են The Wall Street Journal-ի լրագրողներն ու խմբագիրները:

Այովա նահանգից դեմոկրատ սենատոր Թոմ Հարքինի և նրա հանրապետական գործընկեր, Արիզոնայից Ջոն Մըքքեյնի կարծիքով` երկարաժամկետ հեռանկարում այդ քայլը թույլ կտա զգալիորեն տնտեսել պետական միջոցները:

«Մետաղադրամներին անցումը մեր երկրի համար մտածված ներդրում է, որը թույլ կտա խնայել հարկատուների գումարները»,- ասել է Հարքինը:

Սենատորներն առաջարկում են դա անել առաջիկա չորս տարիների ընթացքում:

Մետաղադրամների թողարկումն ավելի թանկ կարժենա, սակայն դրանք ավելի երկար կյանք կունենան, քան թղթադրամները: Այս կերպ Միացյալ Նահանգները 30 տարվա ընթացքում կտնտեսի մինչև 5.5 մլրդ դոլար: