Բախումներ Կահիրեում. «Մուսուլման եղբայրները» քարեր են նետել ցուցարարների վրա
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում այս գիշեր բախումներ են տեղի ունեցել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, բախումների հետևանքով վիրավորվել է մոտ 40 մարդ:
Ձախերի և լիբերալների կուսակցությունների կողմնակիցները, որոնք Բարձրագույն զինվորական խորհրդից պահանջում են իշխանության հանձնում քաղաքացիական կառավարությանը, փորձել են մուտք գործել խորհրդարանի շենք: Նրանց մուտքն արգելափակել են «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցները` քարեր նետելով ցուցարարների վրա («Մուսուլման եղբայրների» քաղաքական թևը` «Ազատություն և արդարություն» կուսակցությունը, հաղթել է Եգիպտոսի խորհրդարանական ընտրություններում և զբաղեցնում է խորհրդարանում տեղերի գրեթե կեսը):
Ձախերն ու լիբերալները մեղադրում են «Մուսուլման եղբայրներին» զինվորականների հետ դավադրության և նախորդ տարվա ապստամբության իդեալներին դավաճանության մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունվարին Կահիրեի Թահրիր հրապարակում անկարգություններ տեղի ունեցան բանակի ու Հոսնի Մուբարաքի հրաժարականը պահանջող ցուցարարների միջև, որի ընթացքում Մուբարաքի ռեժիմը տապալվեց:









