Ցեղասպանությունը քրեականացնող օրինագծին սպասվող սցենարները
«Հայ հեղափոխական դաշնակցության» Բյուրոյի Հայ Դատի և Քաղաքական հարցերի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացնում է ցեղասպանությունները քրեականացնող` Ֆրանսիայի Սենատի օրինագծի շուրջ հնարավոր զարգացումները, այն բանից հետո երբ 76 սենատոր հունվարի 31-ին օրինագիծը վիճարկեցին Սահմանադրական խորհրդում:
Ըստ ՀՅԴ հաղորդագրության` ֆրանսիական օրենսդրության համաձայն, նախագահ Սարկոզին կարող էր Ազգային Ժողովի և Սենատի կողմից հաստատված օրինագիծը ստորագրել և օրենքի վերածել հունվարի 24-ից առ այսօր։ Սակայն Սարկոզին նախընտրել է սպասել մինչև իր իրավասության 15-օրյա ժամկետի ավարտը, ինչն էլ հնարավորություն է տվել, որ օրինագծի ընդդիմախոսները դիմեն Սահմանադրական խորհուրդ։
Ինն անդամներից (ներառյալ՝ Հանրապետության նախկին երկու նախագահները, ի պաշտոնե) բաղկացած Սահմանադրական խորհուրդը պարտավոր է օրինագծի Սահմանադրության համապատասխանելու մասին իր տեսակետը հայտնել մեկ ամսվա ընթացքում։ Սակայն, մեկ ամիսը կարող է փոխվել 8 օրվա, եթե կառավարությունը հանդես գա նման պահանջով:
Սահմանադրական խորհրդի կարող է ընդունել երեք հնարավոր որոշումներից մեկը.
1. Օրինագիծը համապատասխանում է Սահմանադրությանը: Այս դեպքում Հանրապետության նախագահի ստորագրությունից հետո այն կդառնա օրենք:
2. Օրինագծի ինչ որ մասով կամ մասերով չի համապատասխանում Սահմանադրությանը: Այս դէպքում օրինագիծը կվերադարձվի Ազգային Ժողով, այն բարեփոխելու և Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար: Այս տարբերակը կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ մեկ ամսից Ազգային Ժողովը կմեկնի արձակուրդ, որպեսզի նախապատրաստվի նախագահական ընտրություններին:
3. Օրինագիծն ամբողջությամբ հակասահմանադրական է: Այս դեպքում օրինագիծն այլևս չի քննարկվի և օրենքի ուժ չի ստանա, եթե Հանրապետության նախագահը չպնդի որ հարցը դարձյալ մտնի Ազգային Ժողով։
Այսօրվանից սկսած, մինչեւ մեկ ամիս, մինչեւ Սահմանադրական խորհրդի որոշում կայացնելը, նախագահ Սարկոզին չի կարող ստորագրել օրենքը։









