«Վերջին մոհիկան» նախարարները չեն «հհկականացվի»
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից և Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից, ինչպես նաև մի շարք փոխնախարարներից «Հայաստանի Հանրապետական կուսակցությանն» անդամակցելու վերաբերյալ այս պահին դիմումներ չեն ներկայացվել: Այս մասին Tert.am-ին ասաց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ այսօրվա մամուլում տեղեկություններ կային այն մասին, որ գործադիրում մնացած «վերջին մոհիկանները» ՝ մի քանի անկուսակցական նախարարները վարչապետ Տիգրան Սարգսյանի հրահանգով պետք է դառնան ՀՀԿ-ական:
Մեր այն հարցին թե նշված նախարարներն ինչ կարող են տալ ՀՀԿ-ին, Շարմազանովն ասաց. «Նրանք մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներն են, և իրենց աշխատանքները ի պաշտոնե կատարում են անթերի»:
Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց մամուլի մեկնաբանությունները, որ նախարարները «հանրապետականացվում« են Տիգրան Սարգսյանի հրահանգով, իսկ նախարարի՝ այս կամ այն կուսակցության անդամագրվելու մասին հարցը առաջարկեց ուղղել անձամբ Հրայր Թովմասյանին, քանի որ դա նրա սահմանադրական իրավունքն է և միայն նա կարող է պատասխանել այդ հարցին:









