Նկարչուհի Գայանե Խաչատրյանի տան ճակատագրից անտեղյակ են

13:26 • 01.02.12

Մշակույթի նախարարարությունը սփյուռքում բնակվող հայազգի ականավոր մշակութային գործիչների բնակարանների ցանկ չունի և այդ մասին տեղեկանում է միայն այն դեպքում, երբ ինչ-որ շահառու կազմակերպություններ, անհատներ այս մասին նախարարությանը դիմում, առաջարկ են ներկայացնում, այս մասին Tert.am-ին հայտնեցին Մշակույթի նախարարության հասարակայնության և լրատվության բաժնից:

Աշխարհում սփռված բազմաթիվ հայ արվեստագետների տների ճակատագիրը հայաստանյան հանրության լայն շերտերին հայտնի չէ:

Մոտ երկու տարի առաջ թուրքական «Հուրիեթ»-ի տարածած տեղեկությունները, թե Կարսում Եղիշե Չարենցի հայրական տունը վաճառվում է մոտ 180 հազ դոլարով, (Dogan News լրատվական գործակալությունն էլ նշել էր, որ «հին ու խարխուլ տունը զբաղեցրել են թմրամոլները) Հայաստանում ակտիվ քննարկվեցին, ապա լռության մատնվեցին:

«Չարենցի տան փաստական հիմքերը վիճահարույց են, պատմական լուսանկարներ չեն պահպանվել: Սա նման է Անահիտի արձանի գլխի պատմությանը, երբ ոչ ոք չգիտի, բայց բոլորը ենթադրում են, որ դա Անահիտի գլուխն է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանություն ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Հիշեցնենք, որ Չարենցի տունը գնելու համար անգամ հանգանակություն կազմակերպելու նախաձեռնություններ եղան:

Հայկ Դեմոյանը վստահ է, որ Ստամբուլում կան հայ ականավոր մշակութային և այլ գործիչների տներ, որոնք զբաղեցված են թուրքերի կողմից: Սակայն իբրև պատմաբան նա նշեց, որ Ստամբուլում պահպանված է Գրիգոր Զոհրապի տունը, որի լուսանկարը կա Հայոց ցեղասպանություն ինստիտուտ-թանգարանի ցուցադրություններում:

Մամուլում ժամանակին հրապարակումներ եղան, ըստ որոնց, հայ մեծ նկարչուհի Գայանե Խաչատրյանի Թբիլիսիի տունը ևս նրա մահից հետո ձեռք է բերել օտարազգի ներկայացուցիչ:

Ոչ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ոչ էլ Մշակույթի նախարարությունում տեղյակ չէին, թե արդյոք դա համապատասխանում է իրականությանը: Մշակույթի նախարարությունում ասացին, որ այս մասին դիմում չկա:

Tert.am-ի հարցին, թե արդյոք կառավարությունը պետք է ձեռք բերի նկարչուհու թբիլիսյան տունը նկարիչ Սամվել Սևադան պատասխանեց. «Անկասկած, Գայանե Խաչատրյանի նկարներն էլ հետը»:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նկարչուհու մահից առաջ ընդամենը մի քանի նկար էր մնացել.հիմնական մասը գտնվում է տարբեր անձանց մասնավոր հավաքածուներում: Հավաքորդներից ամենախոշորը ռուսաստանցի մի հայ է:

Մշակույթի նախարարության լրատվության բաժնից այս առնչությամբ մեկնաբանեցին, որ նախարարությունը բնակարաններ գնելու ֆինանսկան միջոցներ չունի, ոչ էլ հիմնադրամներ կամ հանգանակություններ կազմակերպելու իրավասություն: