«Գազի Հովոյի» գործով միակ ամբաստանյալը ինքնասպանություն է գործել
Այսօր առավոտյան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել և ավարտվել է ««Գազի Հովոյի » գործով» դատաքննությունը, քանի որ միակ ամբաստանյալը՝ Արտուշ Սողոմոնյանը հունվարի 27-ին ինքնասպանություն է գործել:
Դատաքննությունը ավարտված է համարվել՝ մեղադրող Արամ Ամիրզադյանի՝ ամբաստանյալի մահվան հիմքով միջնորդությամբ: Ոստիկանության Արարատի մարզային քննչական բաժնում «Ինքնասպանության հասցնելը» և այլ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Ինքնասպանություն գործելն էլ հենց մահ է: Եթե անձը մահացել է, նա այլևս չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության»,- հաստատելով Tert.am –ի այն տեղեկությունը, որ Արտուշ Սողոմոնյանի մահվան պատճառը ինքնասպանություն գործելն է, ասաց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Նշենք, որ Արտուշ Սողոմոնյանը մեղադրվել է սուտ մատնության մեջ: Իսկ ավելի կոնկրետ նա մեղադրվել էր Մրգավան գյուղի բնակիչ Հովիկ Ղազարյանի («Գազի Հովո») կողմից ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մասին Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանին անանուն նամակ ուղարկելու մեջ:
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրա եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի որդիների և նրա թիկնապահների ու «Գազի Հովոյի» կողմնակիցների միջև տեղի ունեցող հաճախ նաև՝ զինված բախումները մոտ երեք տարի առաջ տևական շրջան սարսափի մեջ էին պահում Արտաշատի բնակիչներին: Արտաշատյան քրեական իրավիճակը փոքր-ինչ հանդարտվեց, երբ «Գազի Հովոն» որոշ ժամանակով անհետացավ Արտաշատից: Իսկ նրա՝ մի քանի ամիս առաջ Հայաստան վերադառնալուց հետո որևէ միջադեպ չէր գրանցվել:
Այս արտասովոր իրավիճակին գումարվում է այն հանգամանքը, որ ինքնասպանություն գործածի նկատմամբ կիրառված է եղել ստորագրությունով քաղաքից չբացակայելու մասին խափանման միջոցը:
Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ խափանման այս միջոցը ընտրված է եղել դեռ նախաքննության փուլում:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ հայտնեցին, որ հունվարի 27-ին՝ ամբաստանյալի ինքնասպանություն գործելու օրը ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 և 111 հոդվածների (ապօրինի զենք-զինամթերք պահելը և անձին ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով:









