Հայերն իրենց վշտի մասին «բացահայտ» հիշել են անգամ ԽՍՀՄ–ի տարիներին. Գլուզման
«Մարդը շատ հեշտությամբ է իր նմաններին սպանում, և այդպես եղել է միշտ, տարբերվել են միայն պատճառներն ու առիթները, նաև՝ սպանության մեթոդները։ Մեր ակտուալ ուկրաինական գիտակցության մեջ շատ ամուր կերպով նման երկու սարսափելի իրադարձություն է տպավորվել. Գոլոդոմորը (Գոլոդոմոր կամ Մեծ սովահարություն–1932-1933թթ. ընդգրկել է ողջ Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքը, սովից, տարբեր հաշվարկներով, մինչև 10 միլիոն մարդ է զոհվել– Tert.am) և նացիստական զանգվածային ոճրագարծությունը (երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ուկրաինայի տարածքում գերմանացի զորքերի իրականացրած արհավիրքները -Tert.am)։ Սակայն, միևնույն ժամանակ, 20–րդ դարում այլ, մեզ՝ ուկրաինացիներիս համար քիչ հիշարժան իրադարձություններ են եղել, օրինակ, Թուրքիայում հայերի զանգվածային սպանդը։ Հայերն իրենց վշտի մասին «բացահայտ էին» հիշում նույնիսկ իրենց ենթականերին սպանած ծայրահեղ մուսուլման բռնապետերի հետ համագործակցող ԽՍՀՄ–ի գոյության ժամանակաշրջանում։ Ի տարբերություն մեզ՝ ուկրաինացիներիս, որ գոլոդոմորի մասին հիշում էինք «թաքուն», շշուկով»,– ռուսալեզու Izvestia.com.ua կայքում հրապարակված «Հիշել ոչ ամեն ինչ» վերտառությամբ հոդվածում գրում է ուկրաինացի վերլուծաբան Սեմյոն Գլուզմանը։
Վերլուծաբանը շարունակելով գրում է, որ թուրքերը հայերին կոտորել են հետևողականորեն և սարփափելի ձևով։ «Հարևանը՝ հարևանին, մեծահասակները՝ երեխաներին։ Հայերն այդ մասին հիշում են, իսկ թուրքերը չեն ցանկանում հիշել, նույնիսկ այժմ՝ հարյուրամյակ անց։ Աշխարհիկ թուրքական պետությունում վատ կրթված և էմոցիոնալ մտածող մեծամասնությունը կտրականապես չի ցանկանում արտաբերել «Ներեցեք մեզ» արտահայտությունը, իսկ փոքրամասնությունը ստիպված է համաձայնել մեծամասնության հետ։ Ամեն ինչ հասկանալի է. Թուրքիան այլ լուրջ խնդիրներ էլ ունի՝ իսլամի ճնշումը, քրդերի խնդիրը..., իր պատմական ակնհայտ մեղքն ընդունելու ժամանակ, մի տեսակ, չունի»։
Գուզմանը հավելում է, որ բոլորին վերջերս իրենք՝ ուկրաինացիները, իրար հետ վիճում էին առ այն, թե արդյոք գոլոդոմորը ցեղասպանություն է։ «Այդ վիճաբանության միջոցով զզվելի ձևով PR–էին անում քաղաքական բոլոր գործիչները (երկու կողմերից էլ՝ և մերժողները, և ընդունողները)։ Ընդամենը մի քանի տարի է անցել և մենք, առանց որևէ առանձնահատուկ ուշադրության, հեռուստաեթերից լսում ենք հետևյալը՝ «Ֆրանսիան ընդունել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը»։ Լսում ենք և ընդհանրապես չենք արձագանքում, քանի որ դա մեզ չի վերաբերում, լռում է նաև ուկրաիանական դիվանագիտությունը, և շարունակելու է լռել, քանի որ հակառակ դեպքում դժվար թե մեզ հաջողվի ընկերանալ Ադրբեջանի հետ՝ նրա էներգակիրները ստանալու նպատակով (Ուկրաինան ցանկանում է Ադրբեջանից գազ գնել)։ Ահա և ձեզ բարոյականության և քաղաքականության դասական հարաբերակցությունը՝ բացարձակ անտեսում»,– գրում է նա։
Վերլուծաբանը նշում է, որ Ուկրաիանայում ով էլ լիներ իշխանության ղեկին, նույն արձագանքն էր լինելու. «Վստահ եմ, որ եթե Ուկրաինայի №1 աթոռին նստած լիներ նախկին «ազգային ընտրյալը», ամեն ինչ նույնն էր լինելու. Մերը ցեղասպանություն է, հայերինը՝ չնչին թյուրիմացություն, քանի որ խեղճ Հայաստանը ոչ գազ ունի, ոչ նավթ։ Այսպիսին է քաղաքականությունը, այլ կերպ լինել չի կարող։ Քաղաքական գործիչների համար երկակի բարոյականությունը մասնագիտական նորմ է»։
«Ահա և Ֆրանսիայում, չար լեզուներն ասում են, որ Սենատը նոր օրենքն ընդունել է հայկական լոբբիի ճնշման ներքո, որ նախագահ Սարկոզին ևս կապ ունի այդ ամենի հետ, քանի որ ընտրողների աջակցության կարիքն ունի.....։ Մեզանից շատերը, սակայն, քաղաքական գործիչներ չեն, և մենք պարտավոր ենք հիշել ինչպես մեր, այնպես էլ օտարի արյան մասին, որը թափվել է նույնքան անմեղ և անիմաստ։ Եվ մենք իրավունք չունենք վճռել, թե որ զանգվածային սպանություններն են քիչ թե շատ արդարացված։ Անմեղ մարդու բռնի մահը միշտ էլ մեղք է»,– եզրափակում է հոդվածագիրը։









