Հայաստանում 2011-ին ՄԻԱՎ-ից ավելի քիչ մարդ է մահացել
2011թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է մահացության 28030 դեպք, ինչը 0.4%-ով գերազանցում է 2010թ.-ի մահվան դեպքերին: Մահացության ընդհանուր գործակիցը փոփոխության չի ենթարկվել: Վիճակագրական այս տվյալները այսօր հրապարակեց Հայաստանի ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
«ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ տարածքային բաժիններից ստացված մահվան վերաբերյալ ակտերի համաձայն մահվան դեպքերից 13410 -ը գրանցվել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, 1350 -ը դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից, 5607 –ը` նորագոյացություններից, 1719-ը` շնչառական օրգանների հիվանդություններից և այլն»,- տեղեկացրեց մասնագետը:
Ըստ ԱՎԾ-ի մահացության դեպքերի նվազում արձանագրվել է վարակիչ ու մակաբուծային հիվանդություններից (15.5%) և արյան շրջանառության համակարգի հիվանդություններից (1.8%):
2011թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին մարդու իմունային անբավարարվածության վիրուսից առաջացած հիվանդություններից (ՄԻԱՎ) արձանագրվել է մահացության 7 դեպք, 2010թ.-ի` 10 դեպքի համեմատ:









