Գիտնականները «հումորի կենտրոններ» են հայտնաբերել երեխաների ուղեղում
Սթենդֆորդի համալսարանի գիտնակաները, երեխաներին ցույց են տվել զանազան հոլովակներ, ապա ուղեղի սկանավորում իրականացնելիս հատվածներ են հայտնաբերել, որոնք ակտիվանում են ծիծաղելի բան տեսնելիս` հաղորդում է MedicalXpress-ը:
Հետազոտությանը մասնակցել են մտքի նորմալ զարգացմամբ 6-12 տարեկան 15 տղաներ և աղջիկներ: Սկանավորումը կատարվել է ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային պատկերահանման մեթոդով:
Հոլովակները բաշխվել են 3 կատեգորիաներով` ծիծաղելի, դրական և չեզոք:
Ծիծաղելի հոլովակները դիտելիս, երեխաների մոտ ակտիվացել են ուղեղի 2 հատվածներ, որոնք նմանապես` հումորից ակտիվանում են նաև մեծահասակների մոտ: Տարբերությունն այն է, որ երեխաների մոտ ակտիվանում են ուղեղի միանգամից 2 կիսագնդերում համապատասխան հատվածները, իսկ մեծահասակների ուղեղում ակտիվանում է միայն մեկ կիսագնդի համապատասխան հատվածը:
Բացի այդ, երեխաների ուղեղում հումորային հոլովակի դիտման ժամանակ ակտիվանում է գլխուղեղի խրախուսման համակարգը: Հետազոտողները պնդում են, որ որքան մեծանում է երեխայի տարիքն այնքան նրա մոտ, ի պատասխան հումարային ազդակների, նվազում է խրախուսման համակարգը:
«Հումորը շատ կարևոր է էմոցիոնալ և ֆիզիկական առողջության համար: Իմացական ունակությունների զարգացման և հարաբերությունների պահպանման համար», - նշել է հետազոտության ղեկավար Ալլան Ռեյսսը:










